ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի կյանքին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 17 ամյա բնակիչը: Վերջինս ճանաչվել է տուժող:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը Արամի փողոցից դեպի Նաբերեժնի տանող ճանապարհին՝ թունելի մեջ՝ վիճաբանության ժամանակ, 17 ամյա երիտասարդին դանակով հարվածել է Կոտայքի մարզում հաշվառված 18 ամյա աղջիկը: Վերջինս ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: