Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արփինե Հովհաննիսյանի գրառման վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Արփինե Հովհաննիսյանի գրառման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ազգայի ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գրառման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահի ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիք» վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:

Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը»,- ասված է ՀՀ ոստիկանությա ներկայացրած պարզաբանման մեջ:

ՀՀ Ազգայի ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, որում նշվում է, որ հանրապետականի համակիրներին, շտաբային աշխատանք կատարողներին և նրանց մտերիմներին հայտնում են, որ եթե ՀՀԿ-ն կոնկրետ տեղամասում 10 ձայնից ավելի հավաքեց` խնդիր կունենան, իսկ որոշ անձանց ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը: