… բայց այսօրվա հայտարարությունից հետո չեմ գնալու. Դավիթ Շահնազարյան
ԱԱԾ-ից ինձ երեկ երեկոյան հրավիրել էին, ես պատրաստվում էի այսօր՝ ժամը 13:00-ին, այցելել իրենց, որ ինչ-որ հայտարարություն անեի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ-ն Սասուն Միքայելյանի մասին Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը դիտել է որպես հաղորդում ծանր հանցագործության մասին և վերջինս հրավիրվել է ԱԱԾ:
«Քանի որ իրենք հայտարարություն արեցին, ես ժամանակ չունեմ այնտեղ այցելելու, ուստի չեմ գնալու և 14:00-ին լրագրողներին հրավիրել եմ ասուլիսի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «…Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ։
Նշված հաղորդման քննարկման կապակցությամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ ս.թ. դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար։