ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, տուժող տղամարդը և ակումբի աշխատակիցները վիճաբանել են 4 երիտասարդի հետ, որոնցից մեկը դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հիշյալ տղամարդուն:
Ոստիկանները պարզել են մասնակիցների ինքնությունը:
Նույն օրը, ժամը 21.30-ին վեճի մասնակիցներից մեկը ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երեքին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: