Քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանը News.am գործակալություն ոստիկանների այցելությունը և լրատվամիջոցին ներկայացրած պահանջը համարում է ճնշում լրատվամիջոցի նկատմամբ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ենոքյանը հիշեց «Yerevan Today» լրատվամիջոցում կատարված խուզարկությունն ու համակարգչի առգրավումը, «Ադեկվադ» անվանումով ֆեյսբուքյան հաղորդման ներկայացուցիչների նկատմամբ Մարալիկում տեղի ունեցած հարձակումը և News.am-ի հետ կատարվածը դասեց դրանց շարքին:
«Սա շատ վտանգավոր տենդենց է և իրավապահ մարմինները գնալով վերածվում են պատժիչ մարմինների: Փորձ է արվում ճնշումներ գործադրել ազատ խոսքի նկատմամբ: Ես այս շարքում կդասեմ նաև Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելը՝ քաղաքական խոսքի համար: Շատ վտանգավոր միտում է», – ասաց Ա.Ենոքյանը:
Նա կարծում է, որ այս միտումը էլ ավելի վատ դրսևորումներով կշարունակվի նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, ինչը կառուցողական մոտեցում չէ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում մամուլի ազատությունը լուրջ վտանգի տակ է և անհրաժեշտ է այդ ուղղությամբ կարևոր աշխատանք տանել», – նշեց Աղասի Ենոքյանը:
Քաղաքագետի համար անհասկանալի է ոստիկանության ծառայողների վարքագիծը, քանի որ նրանք կարող էին ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը ունենալ բաց ռեսուրսներից և ամենևին էլ կարիք չկար հասնել խմբագրություն:
Հարցին, թե հնարավո՞ր է ոստիկաններն ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել, Ենոքյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե ոստիկանության բաժանմունքի ոստիկանները հանկարծ որոշեցին առանց քաղաքական պատվերի ստուգել, թե Շարմազանովի այս կամ այն ասույթը որքանով է համապատասխանում իրականությանը կամ դրա տակ ինչ փաստեր կան: Փաստերն ակնհայտ են, դրանք տարածված են ֆեյսբուքում և դրա համար կարիք չկար մտնել լրատվամիջոցի խմբագրություն»:
Նկատենք, որ նման մի դեպք տեղի էր ունեցել վերջերս նաև մեր՝ Aysor.am-ի հետ. Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել էին մեր կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը», որը համացանցում լայնորեն տարածվել էր և հեշտորեն հնարավոր էր ստանալ Youtube տեսահոսթինգից:
Այսօր նույնը տեղի էր ունեցել News.am-ի խմբագրության հետ.ոստիկանության
Քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը այցելել է խմբագրություն և պահանջել տրամադրել Շարմազանովին վերաբերող մի քանի հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։