Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Սաշիկ Սարգսյանը իր վարած КамАЗ 5320 մակնիշի 52 ՏԼ 472 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 55-ամյա Գագիկ Բեգլարյանի վարած КамАЗ 53312 մակնիշի 35 MD 383 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ-ները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի երկայնքով ձգվող D=159 մմ միջին ճնշման գազատար խողովակին: Բախման հետևանքով տեղի է ունեցել գազի ուժեղ արտահոսք և կոտրվել են գազասյուներն ու գազախողովակը:
Վարորդներն էլ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Արարատի մարզի պատասխանատուներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել ոչ միայն բոլոր ծառայությունները, այլ նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ստեփանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի հետևանքով էլ նշված հատվածում գործող մի քանի գազալցակայաններ գազ չստանալու պատճառով ժամանակավորապես ավտոմեքենաների լիցքավորումը դադարեցրել են:
Ողջ գիշեր ու մինչև այս պահը Գազպրոմի ներկայացուցիչները փորձում են վերացնել վթարի հետքերը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները բարձված են եղել ցեմենտով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: