Հայաստանում ապրող և ստեղծագործող մշակութային գործիչներն ակտիվ մասնակցում են դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններին: Նրանք դրական փոփոխությունների սպասումներ ունեն:
«Կարծում եմ` բոլոր մարդիկ էլ ամեն ընտրությունից հետո ցանկանում են, որ կյանքը փոխվի դեպի դրականը, որ հասարակությունը միասնական լինելու կամք դրսևորի, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կենսական հիմքերի վրա դրվի»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նա հավելեց, որ, բնականաբար, կցանկանա` մշակութային կյանքի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի մշակութային գործիչները մեծ գործեր ստեղծելու հնարավորություն ունենան:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը շեշտեց, որ մասնակցել է ընտրություններին և միայն լավն է ակնկալում:
Երգիչ, դերասան Արամոյի խոսքով` լինելով ՀՀ քաղաքացի` իր պարտքն է համարել մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին:
«Նախ և առաջ կարևորում եմ մեր ազգային անվտանգությունը, Արցախի, Հայաստան աշխարհի խաղաղությունը: Ըստ իս` մեզ դեռ լավ օրեր են սպասվում: Ցանկանում եմ, որ աղքատության շեմը հասնի զրոյական տոկոսի: Ուզում եմ, որ բոլորը ժպտան, ուզում եմ, որ շատ աշխատատեղեր բացվեն մեր երիտասարդների համար: Ցանկանում եմ, որ թեթև և ծանր արդյունաբերությունը զարգանա, սկսեն աշխատել գործարանները, զարգանա գյուղատնտեսությունը»,-ընդգծեց արտիստը:
Արամոն ասաց, որ հատկապես կարևորում է մշակույթի և գիտության զարգացման դերը: «Ուզում եմ` այդ բնագավառներում ներդրումներ լինեն և ավելի կարևորվեն մշակույթն ու գիտությունը, քանի որ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ աշխարհին դրանցով է ներկայանում: Ուզում եմ` մեր երկրում շատ թատրոններ բացվեն, ինչպես Փարիզում, որտեղ 2500 թատրոն կա, բացվեն այլ մշակութային օջախներ` համերգասրահներ և այլն: Ես լավատես եմ եղել միշտ: Կարծում եմ` ամեն բան լավ է լինելու»,- եզրափակեց նա: