Factor.am-ը քիչ առաջ ահազանգ ստացավ, որ Գեղարքունիքի մարզում ընտրողներին ուղղորդում են ընտրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Սարգսյանին: Վերջինս Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախկին օգնական Գրիգոր Դաշտոյանը քաղաքապետի անունից մարդկանց ահաբեկում է, որ ընտրեն Հայկ Սարգսյանին:
Ի դեպ, այսպիսի տեղեկություններ մենք մի քանի օր առաջ էլ էինք ստացել, սակայն քաղաքապետն ու պատգամավորի թեկնածուն հերքել էին: Քիչ առաջ մեզ դիմած քաղաքացին փոխանցեց, որ Գրիգոր Դաշտոյանը հատկապես ահաբեկում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներին:
Տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանից: Նա մեր հեռախոսազանգին պատասխանեց, լսեց հարցը և խնդրեց իրեն զանգահարել մի քանի րոպեից: Սակայն երբ 10-20 րոպե անց կրկին փորձեցինք կապ հաստատել Գավառի քաղաքապետի հետ, նրա փոխարեն հեռախոսին պատասխանեց այլ մարդ:
Այդ անձնավորությունը մեզ հետ զրույցում ներկայացավ քաղաքապետի օգնական՝ Ռուդիկ անունով, և նշեց, որ քաղաքապետը խիստ զբաղված է: Ակնհայտ է, որ քաղաքապետը խուսափեց մեր հարցադրումներից՝ պատճառաբանելով, որ կիրակի օրով խիստ զբաղված է: