ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած՝ Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Դավիթ Շահնազարյանը նշել է, որ «նրա հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել»։
«Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ Եղիշի Սողոյանը։ Ընդ որում, Անահիտ Սողոյանը տվյալ հասցեում հաշվառվել է մյուս երկու անձանցից շատ ավելի շուտ՝ 01.08.2000թ.-ին։ Պարոն Շահնազարյանին գոնե քաջ հայտնի է որ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետ նշանակվել է ոչ թե մինչև 01.08.2000թ. այլ 2018թ.-ին»,- ասված է պարզաբանման մեջ։
Նշվել է նաև, թե ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հաշվառումից հանելու բնակելի տարածության նախկին բնակիչներին. նրանց հասցեն փոխվում է նոր բնակության վայրում հաշվառման կամ սեփականատիրոջ դիմումի համաձայն։
«Թե ով է նշված բնակելի տարածության սեփականատերը, դա արդեն հայտարարություն տարածողը կիմանա։ Եթե ինքն է, իրավասու է նախկին բնակիչներին հանելու հաշվառումից, եթե այնտեղ չեն բնակվում»,- ասվում է պարզաբանման մեջ։