Գյումրու քաղաքապետրանը կառուցվածքային փոփոխություներ է կատարում
Advertisement 1000 x 90

Գյումրու քաղաքապետրանը կառուցվածքային փոփոխություներ է կատարում

Գյումրու քաղաքապետարանում միավորվելու են բաժիններ, կլինեն հաստիքային կրճատումներ: Գյումրու ավագանու դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստի ժամանակ ավագանին կողմ քվեարկեց համայնքապետարանի աշխատակազմի կառույցվածքային փոփոխություններին:

Դրանց համաձայն՝ մինչ այժմ գործող Բնակարանային տնտեսության և համատիրությունների համակարգման և Շինարարության և հողի վերահսկողության բաժինները միավորվում են՝ դառնալով Համայնքի անշարժ գույքի կառավարման բաժին: Միավորվում են նաև Առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման և Գովազդի բաժինները՝ դառնալով Գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժին: Քաղաքապետրանում ոչ միայն այս բաժիններն են միավորվում, այլ նաև կլինի հաստիքային 6 կրճատում՝ 4 համայնքային ծառայողի, 2 տեխնիկական աշխատակցի, բայց եթե տեխնիկական աշխատակցի մասով դա կլինի պարզապես հաստիքային տեղափոխություն ու անվանացանքի փոփոխություն, ապա համայնքային 4 աշխատակից կզրկվեն աշխատանքից:

Նրանք դեռ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցում չեն ստացել: «Բաժինների միավորումն ու կրճատումն արվում է բյուջեի միջոցներն առավելագույնս արդյունավետ կառավարելու նպատակով»,- ավագանուն ներկայացնելով հարցը՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի Անձնակազմի կառավարման բաժնի պետ Սյուզաննա Վարդևանյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Գյումրու 5-րդ գումարման ավագանին նստաշրջանի փակմանը, բացի այս հարցից, քննարկեց և որոշում կայացրեց ևս 26 հարցի շուրջ, այդ թվում՝ դրամական միջոցներ, նվիրատվություն հատկացնելու, ավագանու նախկին որոշումների փոփոխության, համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և մեկնարկային գներ սահմաննելու և այլ հարցերի վերաբերյալ:

Արմենուհի Մխոյան