Ժողովուրդը Փաշինյանին վստահության մեծ մանդատ տվեց` հուսալով, որ նա կարդարացնի ակնկալիքները, բայց դրանց իրականացումը չափազանց բարդ կլինի, քանի որ որոշ փոփոխություններ ցավոտ կլինեն հասարակության համար։
Հայաստանը չափազանց ոգևորված փուլում է, որը մեծ հույսեր է ներշնչում, և այս փուլում բոլորը պետք է օգնեն Փաշինյանին տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում, քանի որ նրա ձախողումը կարող է Հայաստանին իսկական աղետի հասցնել։ Deutsche Welle պարբերականի հետ հարցազրույցում այս կարծիքն է հայտնել գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը։
Հաղորդավարը Վարդանյանին հարցրել է` արդյո՞ք ընտրություններում հաղթած Փաշինյանը ճիշտ մարդ է Հայաստանի տնտեսական զարգացման տեսակետից, ու արդյո՞ք նա կարող է երկիրը ծաղկեցնել, Վարդանյանը պատասխանել է.
«Ոչ ոք ձեզ չի ասի, թե ով է այն ճիշտ մարդը, որը կարող է տնտեսական ձևափոխություն անել այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որովհետև երկրի առաջ շատ մարտահրավերներ են ծառացած։ Երկիրն իսկապես լուրջ բարեփոխումների և արդիականացման կարիք ունի։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին»։
Վարդանյանի խոսքով` Փաշինյանի շատ բարդ խնդիր պիտի լուծի, և մենք բոլորս (գործարարները) պետք է օգնենք նրան, որովհետև նրա տապալումը կարող է իրական աղետ դառնալ Հայաստանի համար։
Նրա խոսքով` ժողովուրդը Փաշինյանին վստահության մեծ մանդատ է տվել` հուսալով, որ նա կարդարացնի սպասումները, որոնք շատ մեծ են։ Բայց, ինչպես կարծում է Վարդանյանը, դրանք իրագործելը չափազանց բարդ կլինի, որովհետև որոշ փոփոխություններ ցավոտ կլինեն հասարակության համար ։
«Այո, լուրջ աշխատանք կա անելու, և այո, նա տնտեսական բարեփոխումներ անցկացնելու փորձ չունի, բայց կարող է հավաքել պրոֆեսիոնալների, որոնք բաց են նոր բաների համար, և մենք շանս կունենանք», – ասել է Վարդանյանը։
Լրագրողը հարցրել է` իսկ որքան է Ռուսաստանը կարևոր Հայաստանի համար, գործարարը հաստատել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ շուկան է:
«Եկեք ազնիվ լինենք։ Եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական արտադրության բազմաթիվ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայում: Բացի այդ, Ռուսաստանը խոշոր ներդրող է»,- ասել է նա։
Ռուսաստանը նաև աշխատանքով է ապահովել շատ հայերի, որոնք հայրենիքում չեն կարողացել աշխատանք գտնել։
«Ուստի մի շարք պատճառներով Ռուսաստանը խոշոր ու կարևոր գործընկեր է»,- նշել է Վարդանյանը։
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե կան արդյոք Հայաստանում ինչ–որ արևմտամետ տրամադրություններ, «Ռուսաստանից» հեռանալու միտումներ։ Դրա հետ կապված` գործարարը նշել է, որ Հայաստանը բացառիկ երկիր է, աշխարհում միակ պետությունը, որը միշտ գտնվել է չորք քաղաքակրթությունների խաչմերուկում։
«Կարծում եմ` մեզ համար ավելի լավ կլինի, եթե դառնանք ոչ թե այդ համակարգերից մեկի մասը, այլ կամուրջ լինենք նրանց միջև»,- ասել է նա։
Վարդանյանի խոսքով` Հայաստանը շատ իմաստուն է վարվել` համագործակցելով Եվրամիության հետ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, մյուս կողմից` մտնելով ԵԱՏՄ։ Հայաստանն իսկապես կարող է շահել դրանից։