SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին, հերթական Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Գևորգ Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը, գիշերը ժամը 02:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ քանդելու միջոցով, գողացել են Էրեբունու փողոցում կայանված Porsche Cayenne մակնիշի 01 TT 100 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ. Պետրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում՝ որպես վարորդ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված Porsche Cayenne-ը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանին: Երեկ նմանատիպ գողություն է եղել նաև Նոր Նորք վարչական շրջանում: Տեղի ոստիկանություն է դիմել Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչ, «Պանասիա» ՍՊԸ-ի փոխտնօրեն, 33-ամյա Ասյա Առաքելյանը և հայտնել, որ Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 35 NC 416 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները:
Այս դեպքով էլ հետաքննություն է սկսվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: