Նախօրեին պայթյուն է որոտացել Երևանի գազալցակայաններից մեկում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 12-ին ժամը 20։59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։