Գյումրիում փողոցի մաքրուհու սպանության գործով ձերբակալվել է ռուս զինծառայող: Այս մասին գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնեց դեկտեմբերի 11-ին: Այս տեղեկատվությունը հրապարակելվուց հետո, կարծիքներ հնչեցին, որ եթե սպանությունը կատարվել է դեկտեմբերի 2-ին և հենց նույն օրն արդեն շրջանառվում էր սպանությունը ռուս զինծառայողի կողմից կատարված լինելը, ապա ինչու՞ է այն պաշտոնապես հայտարարվել միայն դեկտեմբերի 11-ին, ավելին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ավելի վաղ հերքել էր այդ լուրը:
Shabat.am լրատվականը այս թեմայով զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով պատասխանելով մեր այն հարցին, թե իրականում այս սպանությունը կոծկելու միտում կա՞, նշեց. «Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան ու դեռ առավոտյան Գյումրիում բոլորը տեղյակ էին այդ դեպքի և հանցագործի մասին: Ամբողջ Գյումրին գիտեր, որ հանցագործությունը գործել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողը: Ինձ՝ որպես գյումրեցի, հետաքրքրում է՝ ի՞նչն էր պատճառը, որ իրավապահ մարմինները մինչև դեկտեմբերի 11-ը գաղտնի էին պահում հանցագործի ով լինելը, եթե իրականությունը ողջ Գյումրին գիտեր:
Ես իհարկե հասկանում եմ, որ այսպիսի հանցագործությունները շատ մեծ արձագանք են ունենում հասարակության մոտ և մեխանիկորեն աճում է հակառուսական տրամադրությունները: Բայց հանցագործությունը գաղտնի պահելը, հետագայում տեղեկատվությունը ընդամենը մեկ տողով հրապարակելը այն օրը, երբ հասարակության մեծ մասի ուշադրությունը սևեռված է ԱԺ արտահերթ ընտրությունների մեծ մասի արդյունքների վրա՝ հույս ունենալով, որ այդ ինֆորմացիոն ահռելի հոսքի մեջ այդ տեղեկատվությունը կկորի, մի փոքր անտրամաբանական է:
Ավելի ճիշտ կլինի կոնկրետ ռուսական կողմի հետ մշակել մեխանիզմներ և ամեն ինչ անել, որպեսզի այն բարձիթողի իրավիճակը, որը կա 102-րդ ռազմաբազայում, և գյումրեցիները անընդհատ այդ ամենի հետ առնչվում են, մի փոքր մեղմվի կամ ընդհանրապես բացառել այդպիսի երևույթները: Ամենակարևորը պետք է իմանալ, ի՞նչ իրավունքով 102-րդ ռազմաբազայից ռուս զինծառայողը առավոտյան այդ ժամին գտնվել է նույն Սլաբոդկա թաղամաս կամ ի՛նչն է պատճառը, որ այդ աստիճան դաժանաբար ծեծել էր այդ կնոջը: Ի դեպ՝ գրեթե բոլոր լրատվամիջոցները սխալ են հաղորդում, որ կինը մահացել է հիվանդանոցում: Նա մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ և այդ մասին ամբողջ Գյումրին գիտի»:
Ամբողջությամբ՝ shabat.am