2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան լուրջ քաղաքական փոփոխություններ։ Սոցիալական ցանցերը՝ հատկապես Ֆեյսբուքը, մեծ դեր խաղացին ապրիլ-մայիսյան իրադարձություններում։ Հասարակության քաղաքականացմանը զուգահեռ, սակայն, սոցցանցերում կեղծ լուրերի զգալի աճ գրանցվեց։
Ֆեյսբուքի հայկական տիրույթում կեղծ լուրերի միջոցով հանրային կարծիքի վրա ազդելու գործիքներից մեկն էջերն են, որոնցից մի քանիսն աչքի են ընկնում ոչ միանշանակ և սադրիչ հրապարակումներով:
Մասնավորապես, ավելի քան 1200 հետևորդ ունեցող «Դուխով Հայաստան» էջի գրառումները հաճախ ձևակերպված են այնպես, որ ընթերցողը մտածի, թե էջը կառավարվում է Փաշինյանի թիմի կողմից։ Իրականում, սակայն, էջի հրապարակումների բովանդակությունը սադրող է, իսկ դրանց հեղինակները քողարկված կերպով փորձում են վարկաբեկել գործող կառավարությանը։ Էջն ակտիվ օգտագործում է թավշյա հեղափոխության խորհրդանիշները, ներկայանում է Նիկոլ Փաշինյանի նկարով և «դուխով» կարգախոսով՝ այդպիսով մոլորեցնելով մարդկանց։
Էջի հրապարակումները տարատեսակ են, բայց դրանց հիմնական նպատակը Փաշինյանին և նրա քաղաքական թիմին վարկաբեկելն է։
Ընդ որում, էջի հեղինակները պարբերաբար հանդես են գալիս իբր կառավարության անունից արվող հայտարարություններով, ըստ որոնց, կառավարությունը խրախուսում է մարդկանց «ազատ սեռական կողմնորոշումները»։ Այս նպատակով էջը նույնիսկ օգտագործում է Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ին Երևանում իրականացրած երթից կադրեր, որում երթի մասնակիցները ծխացող ֆայերներ են բռնել, որոնց գույներն անուղղակիորեն նմանեցվում են ԼԳԲՏ համայնքի դրոշի հետ։
Մեկ այլ հրապարակման մեջ բերվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի անունից կարճ հայտարարություն, թե իբր ծնողները պետք է ազատ թողնեն իրենց երեխաներին սեռական կողմնորոշման հարցերում։
Դեկտեմբերի 10-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրը, էջը հրապարակել է նկար հրեական Դավթի աստղով և ԼԳԲՏ դրոշով՝ «Հայաստանը ազատվեց հետամնաց բոմժերից» գրությամբ։
Կրոնական թեման, ընդհանրապես, շատ ակտիվ է շահարկվում այս էջի կողմից։ Մասնավորապես, հրապարակումներից մեկում ներկայացվում են «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի խոսքերը, ըստ որոնց, գործող կառավարության բոլոր անդամները նրանց հետևորդներն են։
Մեկ այլ հրապարակման մեջ էլ լրագրող ու հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանի տեսակետը, որ կրոնի պատմության առարկան պետք է հանվի հանրակրթական դպրոցների ծրագրերից, ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելու կոչ։ Հիշեցնենք, որ Բարսեղյանը «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակտիվ անդամներից էր, և նրա կերպարը նույնպես կարելի է համարել թավշյա հեղափոխության խորհրդանիշներից մեկը:
Ամբողջությամբ՝ fip.am