Ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատակիցների հետ կազմել և կնքել է սննդամթերքի մատակարարման պայմանագիր:
Ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատակիցների հետ կազմել և կնքել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին սննդամթերքի մատակարարման վերաբերյալ պայմանագիր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ պայմանագրի կնքումից հետո ՍՊ ընկերության տնօրենը 2018 թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում հիշյալ ՊՈԱԿ-ին մատակարարել է պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող՝ մեկ այլ ՍՊ ընկերության անվամբ կեղծ պիտակավորմամբ բուսայուղ պարունակող մթերք:
Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը նույն եղանակով պայմանագիր է կնքել նաև «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հետ և կրկին պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սնունդ մատակարարել կազմակերպությանը:
Արդյունքում՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից ՍՊ ընկերության տնօրենը խաբեությամբ առերևույթ հափշտակել է 696.390 դրամ գումար, իսկ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ից՝ 986.135 հազար դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, կատարված առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։