Վերջին շրջանում Հայաստանի տարբեր բնակավայրերում գրանցված թռչունների անկումը հարուցում է փորձագետների լուրջ մտահոգությունը: Դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ թռչունների անկում է հայտնաբերվել Երեւանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Շիրակի եւ Արարատի մի քանի գյուղերում:
Նրա խոսքով՝ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է ժամանակին արձագանքեր այս ահազանգերին, սակայն անալիզի համար նմուշներ վերցնելու մասին տեղեկությունները ստացվել են միայն նախօրեին: Գրիգորյանը նշեց, որ թռչունների անկման պատճառները մինչեւ հիմա հայտնի չեն:
«Եթե խոսքը վերաբերեր միայն վայրի թռչունների անկմանը, ապա մենք կարող էինք կասկածել կլիմայական պայմանների առումով կամ որեւէ աղբյուրից թունավորվելու: Սակայն այս դեպքերն արձանագրվում են նաեւ տնային թռչունների շրջանում»,- տեղեկացրեց նա: Նման ահազանգեր են ստացվել մասնավորապես Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից, որտեղ, նրա խոսքով, «փաստացի ոչ մի հավ չի մնացել»:
«Վստահ եմ, որ տեսչական մարմինն այս մասին տեղյակ է, սակայն ջանում է այդ տեղեկությունը թաքցնել»,- նշեց փորձագետը:
«Կասկածներ կան, որ հավերի անկումը հարուցել է կեղծ ժանտախտը: Բայց հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ երկիրը կարող է հայտնվել նաեւ թռչնի գրիպի թափանցման վտանգի առջեւ, որը վտանգավոր է նաեւ մարդու համար: Հատուկ մտահոգություն է հարուցում այն, որ վերջին շրջանում աշխարհում գրանցվում են այս վիրուսով մարդու վարակման դեպքեր ոչ միայն տնային, այլեւ վայրի թռչուններից»,- հայտարարեց Գրիգորյանը:
Նրա կարծիքով՝ թռչունների ներկայիս անկման խնդիրը կարող է թաքնված լինել կեղծ ժանտախտից տնային թռչունների ոչ պատշաճ պատվաստման մեջ: Գրիգորյանը հիշեցրեց, որ պատվաստանյութը գնվում է՝ ելնելով թռչունների գլխաքանակից, իսկ բուն պատվաստումը կատարվում է պետպատվերի շրջանակում:
«Հայաստանում թռչունները պատվաստվում են վիրուսի մեզոգեն շտամների (Н) պատվաստանյութով: Մինչդեռ հիմա որոշ ձեռնարկատերեր առաջարկում են «Լա Սոտա» շտամի վիրուս-պատվաստանյութը: Սակայն վիրուսի մեզոգեն շտամների պատվաստանյութերն ավելի հզոր են, քան «Լա Սոտան»»,- շեշտեց Գրիգորյանը: