Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում բյուջետային միջոցների հատկացման վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում բյուջետային միջոցների հատկացման վերաբերյալ

Օլյա Ազատյանի գրառումը.

Սույն թվականի դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 111,399 մլն դրամ, որը կազմում է մոտ 230,000 ԱՄՆ դոլար՝ հետևյալ ծրագրերի իրականացման համար.

✔️ 11 մլն 604 հազար դրամ մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար:

✔️ 82 մլն 795 հազար դրամ մշակույթի նախարարության հետ համատեղ «Քո արվեստը դպրոցում» (50մլն դրամ) և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» (32,795 մլն դրամ) ծրագրերի իրականացման նպատակով:

✔️ 17 մլն դրամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:

***

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում կրթության ոլորտում հրատապ լուծումներ պահանջող խնդիրների առկայության պարագայում նման ծրագրերի իրականացման համար բյուջետային միջոցների հատկացման վերաբերյալ հետևյալ պատճառներով.

?Հիշյալ ծրագրերի մանրամասն նկարագրությունը, ներառյալ՝ բյուջետային միջոցների բաշխման և տնօրինման մանրամասները, նախքան որոշման կայացումը չեն հրապարակվել և դրվել հանրային քննարկման: Այսինքն, չեն պահպանվել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները:

?ԿՔՆ-ը ողջունում և կարևորում է մշակութային կրթությունը և գտնում է, որ այն պետք է մշտապես գտնվի կրթության և մշակույթի ոլորտներում քաղաքականություն մշակողների և որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում: Սակայն, մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային ծրագիրը, որը հաստատեվեց Կառավարության կողմից, լիարժեք չէ, քանի որ հասանելի ու մատչելի է հայաստանաբնակ ոչ բոլոր երեխաների համար: Ծրագրի շրջանակում չի նախատեսվում փոխհատուցել աշակերտների և նրանց ուղեկցող չափահասների ուղևորափոխադրման ծախսերը: Հեռավոր և սահմանամերձ մարզերում բնակվող երեխաների ու նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով ոչ բոլոր ծնողները կարող են հոգալ ուղևորափոխադրման ծախսերը: Արդյունքում, առավել աղքատ կամ սոցիալապես խոցելի ընտանիքի երեխաները չեն կարողանա օգտվել ծրագրից և ծրագիրը կնպաստի երեխաների միջև սոցիալական անարդարության խորացմանը: Բացի այդ, ուղևորափախդրման համակարգված կազմակերպման մեթոդների և մոտեցումների բացակայության պարագայում երեխաների անվտանգ երթևեկումն ապահովելը բարդ է: Ավելին, ծրագիրը կարող է հանգեցնել դրամահավաքության նոր ալիքի: Հետևաբար, առաջարկում ենք ծրագրի բուն իրականացման փուլը սկսելուց առաջ քննարկել և կենտրոնացված եղանակով կազմակերպել նաև աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը՝ ներառյալ համայնքային կամ մարզային բյուջեների միջոցներից:

? «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի ֆինանսավորման դեպքում հայտնի չէ, թե որքանով այն կարող է ազդել կրթության որակի բարելավման վրա, ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով են մասնակցելու հեռուստախաղին, արդյո՞ք մասնակիցների շարքում են լինելու հայաստանյան բուհերի ուսանողներն ու դասախոսները, որոնք ներկայացնելու են իրենց բուհերը: Այս հարցերը կասկածի տակ են դնում կրթության առանց այն էլ սուղ բյուջետային միջոցներից տվյալ հեռուստանախագծի ֆինանսավորման հիմնավորվածությունը:

***

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ապահովել ծրագրերի դրույթների և բյուջեի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության հանրայնությունը, երաշխավորել աշակերտների և նրանց ուղեկցող առնվազն 10 աշակերտի համար 1 չափահաս ուղեկցողի ուղևորափոխադրման ծախսերը՝ առնվազն այցի վայրից 15կմ և ավելի հեռավորության դեպքում: Կոչ ենք անում նաև աջակցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի իրականացմանը միայն այն պարագայում, եթե նախագծին կմասնակցեն ուսանողներ և դասախոսներ հայաստանյան բուհերից և եթե այն որևէ կերպ կնպաստի կրթության որակի բարելավմանը հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում:

Կրթության ոլորտում Կառավարության հետագա գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու համար կոչ ենք անում նախաձեռնել հանրային հանդիպումներ ու քննարկումներ՝ նախքան որոշում կայացնելը, և պատրաստ ենք ակտիվորեն մասնակցել այդ հանդիպումներին կամ քննարկումներին: