Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արեգ Թամազյանը իր վարած BMW մակնիշի 62 ZZ622 համարանիշի ավտոմեքենայով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan Pathfinder մակնիշի 60 RR 808 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 ZO 012 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
BMW-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ: Ոստիկանությունը պարզում է Nissan Pathfinder և Nissan Tiida ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: