Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 2018 թվականին կյանքի 100 տարին բոլորած Թագուշ Իսպիրյանը Նոր տարվա տոներին ընդառաջ Գավառի քաղաքապետարանի կողմից պարգևատրվեց 100 հազար դրամով:
Ինչպես տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, կյանքի մեկ դարը բոլորած Թագուշ Իսպիրյանը գտնվում է առողջ վիճակում, իր ձեռք ու ոտքով ու գանգատվում է միայն իր տարիքից: Նա ունեցել է յոթ զավակ` երեք տղա և չորս աղջիկ, որոնցից այժմ կենդանի են մնացել միայն Վոլոդյա որդին և երկու դուստրերը, ում խնամքն ու հոգատարությունն այժմ վայելում է Թագուշ տատիկը: Նա անգիր հիշում է իր 22 թոռներին, բայց ծոռների ու թոռներ անունններն արդեն խառնում է: Թագուշ տատիկը սիրով դիտում է հնդկական սերիալները և հետևում Հայաստանի քաղաքական կյանքի ընթացքին:
«Կուզեմ, որ Նիկոլս էս երկիրը դզի, դարձնի այ էսպես` կարգին երկիր, մեշու էլ թոշակներ հավելցնա»,- իր սրտի ցանկությունն է հայտնել Թագուշը` միաժամանակ իր երախտագիտությունը հայտնելով Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին և քաղաքապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներին՝ իրեն հարգելու և ուշադրության արժանացնելու համար: