«Ի՞նչ մտածենք մենք, երբ դա կարող էիք անել իմ ասած ճանապարհով, բայց չգիտես ինչու, դուք գնացել եք այս ճանապարհով…»
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ մտածենք մենք, երբ դա կարող էիք անել իմ ասած ճանապարհով, բայց չգիտես ինչու, դուք գնացել եք այս ճանապարհով…»

Ստյոպա Սաֆարյանի դեկտեմբերի 25-ի հրապարակումը.

«Հիմա՝ ըստ էության անդրադառնամ Երևանի ավագանու այսօրվա ընդունած որոշումներից մեկին: Տեղեկատվության աղբյուրը Հայկական ժամանակն է, դա կանխավ գրեմ.

2019 թվականից բարձրանալու են երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները. գործիքային բաժիններում ուսուցման վճարն ավելանալու է 2800 դրամով կամ 16 %-ով, երգեցողությանը՝ 4300 դրամով կամ 28,7 %-ով, կերպարվեստինը՝ 300 դրամով կամ 3,3 %-ով, պարարվեստինը՝ 2000 դրամով կամ 15,4 %-ով, իսկ թատերարվեստինը՝ 700 դրամով կամ 8,7 %-ով:

Քաղաքապետն ասել է, թե նպատակը երաժշտական դպրոցներում դասաժամերն ավելացնելն է, որն էլ կբարձրացնի ուսուցման որակն ու ուսուցիչների աշխատավարձերը։ Նաև՝ այս որոշմամբ ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այսինքն՝ քաղաքացիները վճարելու են նախկին դրույքաչափերով նախատեսված վճարները։

Ըստ այդմ. այո, պարտադիր է երաժշտական դպրոցի մանկավարժների և ծանրաբեռնվածության, և առարկաների դասավանդման որակի և աշխատավարձի ավելացում: Բայց ասացեք, խնդրեմ. եթե քաղաքի բյուջեն ի վիճակ է ոչ միայն այս տարի, այլ նաև հաջորդ տարիներին սուբսիդավորելու տարբերությունը, այդ դեպքում ինչո՞ւ եք թանկացնում ծառայությունների վճարը: Երաժշտական դպրոցները գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ, և շատ հանգիստ կարող էիք ավելացնել նրանց աշխատավարձերը և երաժշտական դպրոցներին տրվող գումարները, որպեսզի այդ խնդիրները լուծվեին, առանց թղթի վրա թողնելու քաղաքացու համար այդ ծառայությունների թանկանալու փաստը:

Չլինի՞ պատրաստվում եք հաջորդ տարիներին այլևս չսուբսիդավորել, առայժմ գիտակցելով հնարավոր քննադատությունների ալիքը, ուղղակի այս մի տարին անում եք ու հաջորդ տարիներին ամբողջ բեռը շատ նրբորեն կտեղափոխեք քաղաքացու՝ ծնողի վրա… Ի՞նչ մտածենք մենք, երբ դա կարող էիք անել իմ ասած ճանապարհով, բայց չգիտես ինչու, դուք գնացել եք այս ճանապարհով… Ո՞րն է բացատրությունը… Եվ ընդհանրապես, ուրիշ էլ ի՞նչ եք նախատեսում թանկանցնել…»



Նման նյութեր