Apple ընկերության խոշորագույն կապալառուն՝ Foxconn Technology Group-ը, Հնդկաստանում iPhone-ի ֆլագմանական մոդելների հավաքումը կսկսի 2019 թվականին: Այդ մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ Foxconn-ը 356 մլն դոլար է ներդնում Apple հեռախոսների հավաքման հզորություններում: Դրա համար կընդլայնվի Շրիփերամբուդուր (Թամիլնադի նահանգ) քաղաքի գործարանը, որտեղ կապալառուն արդեն հեռախոսներ է արտադրում չինական Xiaomi ընկերության համար: Այդ ընդլայնումը կարող է ստեղծել մոտավորապես 25 հազար նոր աշխատատեղ, նշում է գործակալությունը:
Ենթադրվում է, որ Շրիփերամբուդուրի գործարանում արտադրվելու են Apple հեռախոսների ամենաթանկ և ակտուալ մոդելները: Foxconn ընկերությունն էլեկտրոնիկայի խոշորագույն կոնտրակտային արտադրողն է աշխարհում, որը պատվերներ է կատարում աշխարհի առաջատար բրենդների համար: Կենտրոնակայանը գտնվում է Թայվանում: 2010 թվականից ընկերությունը հավաքում և արտահանում է աշխարհում արտադրվող բոլոր Apple սմարթֆոնների կեսը: