Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կրակոց է հնչել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Արարատի մարզային ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբից և նա Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ռաֆայել Սարգսյանն է։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրա վրա կրակել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Պողոսյանը՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող նշված գիշերային ակումբում։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Ն. Բադալյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որով Դ. Պողոսյան կրակոց է արձակել Ռ. Սարգսյանի ուղղությամբ, այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դ. Պողոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: