Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու. Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին
Advertisement 1000 x 90

Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու. Դավիթ Սանասարյանը՝ ԵՊՀ ռեկտորին

«Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը, պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,-գրել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն, ով ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տեւած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։

«Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ»,- գրել էր Սանասարյանը։

Այս գրառումից հետո Արամ Սիմոնյանը հրատապ ասուլիս էր հրավիրել ու նշել, որ Երևանի պետական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունների արդյունքների մեծագույն մասին հետ  համաձայն չեն, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն իրական վիճակի հետ:

«Արդեն 5 ամիս է՝ այս տարվա հուլիսի 30-ից վերահսկողական ծառայությունը համալսարանում իրականացնում է լայնամասշտաբ, իր նախատիպը չունեցող ստուգումներ»,- ասել է Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ երեք հանձնարարագիր է ստացել ստուգումների վերաբերյալ՝ առաջինը հուլիս ամսին, այնուհետ՝ հոկտեմբերին՝ երկարաձգելու համար ստուգումների ժամկետը, դրանից հետո՝ նոյեմբերի 30-ին դարձյալ ստուգումները մինչև հունվարի 31-ը երկարաձգելու համար:

«Վեց ամսվա ստուգումներ են նախատեսված, այն դեպքում, երբ օրենքով այդ ստուգումների ժամկետները սահմանափակ պետք է լինեն: Հայտարարության մեջ նշվում է երկու ամսվա ստուգումների արդյունքում, ինչը չի համապատասխանում իրականությանը, ուղիղ 6 ամիս է՝ ստուգումներ են հայտարարել»,- ասել է նա՝ մատնանշելով՝ խախտվել է այստեղ ժամկետների մասին օրենքի դրույթը:

ԵՊՀ ռեկտորը նշել է, որ ստուգումներ են իրականացվել անգամ օգոստոսին, երբ արձակուրդի մեջ է եղել համալսարանի ամբողջ անձնակազմը, փաստաթղթերը նրանց կրիչների վրա է փոխանցվել: «Այսպիսով, վերահսկողական ծառայությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, և այդ ստուգումները դեռ չավարտված ղեկավարը հանդես է գալիս հայտարարությամբ՝ բացարձակ չհիմնավորված՝ խոսելով 800 միլիոն դրամի չարաշահումների մասին»,- ասել է նա:

Նաև մատնանշել է օրենքի կետերը, ըստ որոնց ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն տեղեկատվության օգտագործման հարցում և չպետք է օգտագործեն անձնական նպատակներով, ինչպես նաև ծառայության աշխատակիցները պարտավոր են իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել այն սուբյեկտին, որին ստուգել են, և այդ ակտը ներկայացնելու հետ նրա բացատրությունները լսելուց հետո միայն կարող են այդ տեղեկատվությունն օգտագործել հրապարակման համար:

«Ես այսօրվա երկրորդ կեսին ստացել եմ ստուգումների արդյունքները, որոնց մեծագույն մասի հետ մենք համաձայն չենք, որովհետև դրանց մեծ մասը դեկլարատիվ պնդումներ են, ոչ մի կապ չունեն ռեալ վիճակի հետ: Եվ նույնիսկ այս բոլոր մտահոգությունները, որոնք նրանք ներկայացրել են, գումարում ենք, մի փոքր ավելի է քան 500 միլիոնը, իսկ ծառայության տնօրենը խոսում է 8 միլիոն դրամի մասին»,- ասել է նա:

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ստուգումների ամբողջ ընթացքում փորձել են պատշաճ ձևով իրականացնել համագործակցությունը, օգնել նրանց, տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք նրանք պահանջել են: «18 հոգի է այստեղ եղել այդ հինգ ամսվա ընթացքում, բայց գիտենք, որ այդ փաստաթուղթը կազմել է մեկ հոգի՝ ղեկավարը: Դա ևս խախտում է, որովհետև ամեն մեկն իր մասի վերաբերյալ պետք է ստուգումները ներկայացներ: Այս ստուգումները մեզ ցույց տվեցին, որ մենք գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ կազմի հետ, որոնք չեն պատկերացնում իրենց ստուգման օբյեկտը, խնդիրները»,- ասել է Արամ Սիմոնյանն ու հավելել, որ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվել է ավելի քան 9․5 միլիարդ դրամի գործունեություն, և ընդամենը մտահոգություն է ներկայացվել 500 միլիոնի շուրջ, որի գերակշիռ մասը, ըստ Արամ Սիմոնյանի, ուղղակի ծիծաղելի և ոչ պրոֆեսիոնալ պնդումներ են:

«Վերահսկողության ծառայության պետը նշել է, որ ինքը արդյունքները ուղարկել է դատախազություն: Սա օրենսդրության կոպիտ խախտում է: Նա իրավունք չունի իրեն վերագրելու վարչապետի գործառույթներ, միայն վարչապետը իրավունք ունի որոշում կայացնել և ստուգման արդյունքները ուղարկել դատախազություն,- ասաց նա՝ հավելելով, -մինչդեռ այս պարոնը, որ ղեկավարում է վերահսկողական ծառայությունը, իրեն վերապահել է ոչնչով չարդարացված և օրենքով չվերապահված վարչապետի գործառույթներ»:

Արամ Սիմոնյանի խոսքով՝ ծառայության աշխատակիցների հետ ունեցած նախնական քննարկումները բացարձակապես համահունչ չեն այսօրվա հայտարարությանը: «Սա արվում է միտումնավոր՝ վարկաբեկելու համար ԵՊՀ-ին, ղեկավարությանը, համալսարանի գործունեությանը՝ մոլորության մեջ գցելով հասարակությանը, փորձելով պղտոր ջրում որսալ: Նպատակները հայտնի չեն, բայց արվում է միտումնավոր»,- ասել է նա:

ԵՊՀ ռեկտորը նշել է, որ դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով: «Դատի ենք տալու վերահսկողական ծառայության և նրա ղեկավարին այս հայտարարություններից բխող հետևանքների պատճառով հասցված մեր վնասը փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»,- ասել է նա:

Հարցին, թե ինչ է կարծում, որն է նման հայտարարության պատճառը, նա պատասխանել է, որ հավանաբար այն, որ ինքը ՀՀԿ-ական է: «Ես «Հանրապետական» կուսակցության անդամ եմ 97 թվից, և դա էլ միգուցե իր դերն է խաղացել, չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ ԵՊՀ-ում չի եղել մի գործարք՝ ցույց տված փաստաթղթերով, որը գոյություն չի ունեցել»,-նշել է նա ու հայտարարել է, որ հրաժարական չի տալու, գնալու է մինչև վերջ: «Ես կարծում եմ, որ ունեմ ուսանողների, դասախոսների գերակշիռ մասի աջակցություն, ես, ի վերջո, ընտրված ռեկտոր եմ: Ինձ անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը այն էլ այն դեպքում, երբ ապացուցի, որ ես չեմ կատարել իմ պարտականությունները»,-եզրափակել է նա:

asekose.am