Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը գալիք Նոր տարվա կապակցությամբ, համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշմամբ, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ների աշխատակիցների, 1-ին եւ 2-րդ հիմնական դպրոցների 1-ին դասարան եւ նախակրթարան հաճախող երեխաներին, ինչպես նաեւ համայնքի սոցիալապես անապահով եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին ամանորյա նվերներ է հատկացրել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից, ամանորյա նվերներ են ստացել համայնքի 900 երեխաներ: Տոնին ընդառաջ համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանն այցելել է բոլոր երեխաներին եւ շնորհավորել նրանց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ու հանձնել նվերները:
«Ամանորին ընդառաջ քաղաքապետարանի կողմից դրամական օգնություն են ստացել նաեւ զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով ու հաշմանդամ երեխաներ ունեցող 50 ընտանիք: Համայնքապետարանը անուշադրության չմատնեց եւ դրամական օգնություն հատկացրեց նաեւ համայնքում բնակվող ամենատարեց բնակչին՝ 96 տարեկան Վարսենիկ Ալամշանյանին՝ նրան հատկացնելով 30 հազար դրամ: Քաղաքը տոնական զարդարանք է հագել, կազմակերպել ենք միջոցառումների հագեցած ծրագիր, որպեսզի մարդիկ իրենց զգան բարձր ու տոնական տրամադրության մեջ»,- ներկայացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Խոսրով Խլղաթյան