Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամանորյա ուղերձը․ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ Ընդամենը մի քանի ժամից պատմություն կդառնա 2018 թվականը։
Անցնող տարին նոր փուլ դարձավ Հայաստանում պետականաշինության ու ժողովրդավարացման ճանապարհին։ Մեկ տարվա ընթացքում առանց լուրջ սոցիալական և հասարակական ցնցումների Հայաստանում տեղի ունեցավ թավշյա` ոչ բռնի հեղափոխություն, անցկացվեցին աննախադեպ արդարացի ու թափանցիկ համապետական ընտրություններ, երկրում սկսվեց կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ իրական պայքար։
Այս ամենով մենք հերթական անգամ ապացուցեցինք աշխարհին, որ դեպի ժողովրդավարական և իրավական պետություն տանող ճանապարհն այլընտրանք չունի Հայաստանի Հանրապետության և դրա հպարտ քաղաքացիների համար: Անցնող տարին հատկանշական էր ներքաղաքական զարգացումների տրամաբանության առողջացման առումով:
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում խորհրդարանական ընտրությունները ունեին քաղաքական բովանդակություն և նպաստում են հանրային ու քաղաքական կյանքի վերակենդանացմանը։ Առաջին անգամ Հայաստանում ընդդիմությունը եկավ իշխանության և պատասխանատվություն ստանձնեց երկրի ապագայի համար` նոր որակ հաղորդելով քաղաքական դաշտին:
Ի թիվս բազմաթիվ այլ բարեփոխումների 2019 թվականը կլինի նաև Հայաստանում անվտանգության ոլորտի որակական բարեփոխումների ու ինստիտուցիոնալ զարգացման տարի և անվտանգության խորհուրդը ու դրա գրասենյակը հսկայական աշխատանք ունեն անելու այս ուղղությամբ։ Ուրախությամբ եմ նշում, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին 2018 թվականին մեզ հաջողվեց քաղաքական ընդհանուր կայունություն, անվտանգության բարձր մակարդակ և տնտեսական զարգացում գրանցել:
Վստահ եմ, որ այս իրողությունը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության և մեզ համար արդիական հանդիսացող տարածաշրջանային այլ խնդիրների կարգավորումը թույլ կտան մոտ ապագայում լուծել մեզ ծանր ժառանգություն մնացած բազմաթիվ խնդիրներ, կառուցել հիրավի զարգացող և հզոր Հայաստան: Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող գալիք` 2019 թվականը բոլորիս համար նշանավորվի որպես զարգացման, խաղաղության, երջանկության և արգասաբեր աշխատանքի տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան»