Դավիթ Անանյան. «2018 թվականը մեր համակարգի արդիականացման կարևոր հանգրվաններից էր»
Advertisement 1000 x 90

Դավիթ Անանյան. «2018 թվականը մեր համակարգի արդիականացման կարևոր հանգրվաններից էր»

Դավիթ Անանյանի գրառումը:

Հարգելի գործընկերներ սրտանց շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: ?

2018 թվականը մեր համակարգի արդիականացման կարևոր հանգրվաններից էր. հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նախանշվել են զարգացման հիմնական ուղղությունները: 2018 թվականին ՊԵԿ-ն ակտիվացրել է տնտեսության ստվերայնության նվազեցմանն ուղղված աշխատանքը: Հարկային գործընթացներն էլեկտրոնային հարթակ տեղափոխումը հնարավորություն է տալիս պետություն-բիզնես շփումը դարձնել քաղաքակիրթ, հարմարավետ և առավելագույնս զերծ կոռուպցիոն ռիսկերից: 2018 թվականին նոր մակարդակի է հասել միջազգային կառույցների հետ մեր համագործակցությունը. ակտիվ երկխոսություն է ծավալվել Համաշխարհային մաքսային կազմակերպության և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ: ՊԵԿ-ը շարունակել է կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար երկրների փորձի և գործիքակազմի ուսումնասիրությունն ու վերլուծությունը: Այսօր կարող ենք փաստել՝ համակարգային կոռուպցիան բացառված է, իսկ այդ երևույթի առանձին դրսևորումների դեմ պայքարը հետայսու ևս լինելու է խիստ և անզիջում:

Գալիք 2019 թվականին մեր համակարգին լուրջ անելիքներ են սպասվում: Անհրաժեշտ է նոր էներգիա հաղորդել պետություն-բիզնես շփման բարելավմանը, ինչպես նաև` կոռուպցիոն երևույթներն արմատախիլ անելուն ուղղված ջանքերին: Այդ հարցում շոշափելի է լինելու յուրաքանչյուրիդ անձնական ներդրումն ու ջանքը. էական առաջընթաց հնարավոր է միայն թիմային աշխատանքի շնորհիվ` բանիմաց, գրագետ և պատասխանատու կադրերի մասնակցությամբ: 2019 թվականին համակարգի գործունեության գերխնդիրներն են՝ տնտեսության զարգացմանը միտված հարկային օրենսդրության կատարելագործումը, հարկ վճարողի սպասարկման որակի շարունակական բարձրացումը, բիզնեսի համար առավելագույն հարմարավետության ապահովումն ու արհեստական խոչընդոտների բացառումը, ընթացակարգերի ազատականացումը, ավտոմատացված համակարգերի կիրառման մասնաբաժնի ավելացումը: Մեր կարևոր թիրախներից է հարկ վճարողի վարքագծի շտկումը: Հանրային գիտակցության մեջ պետք է արմատավորվի` հարկ վճարելը սովորական երևույթ է. բոլորը պետք է վճարեն հարկերը: Օրինապահ տնտեսվարողները կխրախուսվեն, իսկ ռիսկայինները՝ հարկերն ինքնակամ վճարելու հնարավորություն կստանան:

2019 թվականին մաքսային ծառայության զարգացման ուղենիշը մեր երկրի մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և բիզնեսի համար հարմարավետ և հավասար պայմանների ապահովումն է, միաժամանակ՝ չթուլացնելով հսկողությունը, խստացնելով իրավախախտումների և մաքսանենգության դեմ պայքարը: Նախանշված խնդիրների լուծման հարցում անկյունաքարային նշանակություն ունի հարկային և մաքսային ծառայողի կերպարի վերափոխումը, մասնագիտական կարողությունների բարձրացումը՝ համակարգը վերլուծական ունակություններով, ճկուն մտածողությամբ օժտված և բարեխիղճ աշխատակիցներով համալրելը: Յուրաքանչյուր փոփոխություն պետք է սկսենք ինքներս մեզանից:

Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն, երջանկություն, եռանդուն աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով, սրտացավ և պատասխանատու գործելաոճով մեզ կհաջողվի դիմագրավել առկա մարտահրավերներին և բարեփոխումների գործընթացը հասցնել որակապես նոր մակարդակի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ?



Նման նյութեր