Մեծ քաղաքը
Ամէն ինչ մեծ է մեծ քաղաքին մէջ
հաճոյքը մեծ
ցաւը մեծ
պողոտաներուն ու շէնքերուն նման
Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ
Զահրատ
Սուրճ, Աստղիկ Բլեյանի Libero № 2 տակդիրներ․․․ Ամենօրյա անհրաժեշտ գնումների ցուցակը ինձ տանից հանեց․․․ Մեկ օր՝ հունվարի 1-ը 2019-ի, ես անցկացրի տանը, ու քայլելը հավես է․․․ Եղանակը կանչող-շեղող, ու ես վճռական մտա դատարկ «Ֆիրդուսնոց»՝ Խանջյան-Տիգրան Մեծ-Հանրապետության-Բյուզանդ-Չայկովսկի փողոցներով պարփակված, աշխարհից մոռացված-խռոված հի՞ն Երևան․․․
Մի լավ լուսանկարեցի․․․ Տներ կան՝ մոտենալ չեղավ այդպես էլ, Հանրապետության-Բյուզանդ փողոցներով հասցեները ամբողջությամբ դուրս մնացին․․․ Ես դեռ կգամ, չեմ հանգստանա-հանգիստ տալու համար․․․ Գոնե 55 տարվա հիշողությամբ երևանցուս համար այդպես էլ հասկանալի չեղավ իմ ծննդավայր Երևանի բաժանումը հնի ու նորի․․․ Իմ քաղաքն է, ծննդավայրը, բնակավայրը, հայրենին-մայրենին՝ իր սերերով-թափառումներով, ոգևորումներով, վերելքներով-վայրէջքներով․․․
Նիկոլ Փաշինյանի կառավարության 2018-ի վերջին՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վարած, դեկտեմբերի 27-ի նիստի օրակարգային, հրապարակված որոշումը՝ խունջիկ-մունջիկ «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին», «Հին Երևան» կոչվող վայրենությունը շարունակելու, ինչ-ինչ հիմնավորմամբ, մեխվել է․․․ Նոր տարի է, ու խնդրեմ, քաղաքացի Աշոտ Բլեյանի բզիկներից առաջինը․․․
Ո՞նց, որոշումով կառավարության, այսպես, թավշե-թաքուն-սլլալով, «Հին Երևան» կոչված վայրենությունը ուզում եք շարունակե՞լ, նոր կյանք-լեգիտիմությո՞ւն հաղորդել․․․ Ամբողջը գրեք կալանքի տակ գտնվող Քոչարյան Ռոբերտի, իշխանությունը հանձնած Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, նրանց քաղաքաշինության, ճարտպետկոմի, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի վրա ու ․․․ շարունակեք որպես մեր ժառանգությո՞ւն․․․
Ու սրա տակ Արթուր Մեսչյանն ու Նիկոլ Փաշինյանը ստորագրե՞լ են․․․ «Հին Երևանի» նույնը մնացած գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը, նրա ղեկավարած նախագծային խումբը, տարածքը ձեռք բերող «Ի ԷՄ Սի» ՓԲԸ-ն նոր՝ 2019-ում լծվեն հին իշխանության «Հին Երևան» նախագծի իրագործմա՞նը․․․ Չկար սրան այլընտրանք մինչև 2018-ի մայիսը, չկա այլընտրանք նաև հիմա՞, բա համընդհանուր հավանությամբ ինչո՞ւ էին գալիս նոր քաղաքապետն ու նոր ավագանին, Արթուր Մեսչյանը, և ո՞ւր էին գալիս․․․ առանց այընտրանքի՞, առանց փոփոխությունների, շրջադարձի, անցած իշխանության սխալը կանգնեցնելու-շեղելո՞ւ, այլ ուղղություն ու ընթացք, այլ լուծում բերելո՞ւ․․․ որքան էլ դժվար լինի․․․ Թե՞ այս որոշումով արձանագրվում է, որ սխալ էլ չկար…
Ճարտարապետ Համլետ Խաչատրյանի մահճի մոտ 2017-ի դեկտեմբերին ես «Հին Երևան» կոչվող նախագծի մասին իմ տարակուսանքն էի հայտնում, Համլետ Խաչատրյանի մասնագիտական հաստատումներով ոգևորվում, պայքարի ձևեր մտածում․․․ Թողնենք՝ մեր աչքի առաջ, մեր մասնակցությամբ, հեղափոխությունից առաջ-հետո․․․ կառուցապատման գոտու մշակութային արժեք-ազգագրական-ժողովրդական վերջին տները ավերվեն, կենտրոնի նոր Բանգլադեշը տիրապետի, հետո այս վայրենությունը հրդեհի պես փոխանցվի ֆիրդուսնոցի տարա՞ծք․․․ Թե՞ հրդեհի դեմն առնենք, հանգցնենք․․․
– Դավի՜թ, տես, Աստղիկը հետդ խոսում է․․․,- մահճակալին, Աստղիկի օրորոցի կողքին պառկած Դավթին եմ դիմում․․․
– Թող հիմա սուս մնա, քնեմ, հետո կխոսա․․․