Կարպիս Փաշոյանի գրառումը. «Քաղաքապետարանի մեր գործընկերները կարող էին շատ պարզ ու մարդկային լեզվով մարդկանց բացատրել, որ այս փուլում աղբի կուտակումներն ու ընդհանրապես աղբահանության հետ կապված հիմնախնդիրները օբյեկտիվ պատճառներ ունեն: Կարող էին ասել, որ աղբահանությունը չափազանց բարդ ոլորտ է ու դրա կազմակերպումն ինչ-որ մեկի կամքով ու քմահաճույքով չի իրականացվում:
Հա՛, աղբահանության արդյունավետ ու որակյալ կազմակերպման համար քաղաքական կամք ունենալը շատ քիչ է: Ժամացույցի ճշգրտությամբ գործող համակարգ պետք է ստեղծվի, որի համար ժամանակ ու մասնագիտական ջանքեր են պահանջվում:
Քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանիները կարող էին ներողություն խնդրել քաղաքացիներից, հորդորել նրանց ըմբռնումով մոտենալ ու միաժամանակ վստահեցնել, որ շուտով համակարգերն այդ կստեղծվեն ու համանման խնդիրներ այլևս չեն առաջանա:
Կարո՞ղ էին չէ այսքանը անել ու անցնել առաջ: Վստահ եմ, բոլորն էլ կհասկանային: Չէ՞ որ քաղաքի արդյունավետ կառավարման գործում բազմաթիվ խնդիրներ կան։ Թերի ենթակառուցվածքներ ու անարդյունավետ գործող համակարգեր ժառանգություն ստացած քաղաքային իշխանությունը դեռևս չի կարողանում լիարեժեք դրսևորվել: Բոլորն էլ գիտեն սրա մասին:
Բայց ո՛չ: Քաղաքային իշխանությունները կարծես թե չեն ուզում մարդկային լեզվով խոսել ու քաղաքացիների վրա մունաթ են գալիս, խնդրի հետ առերեսվելու փոխարեն հոխորտում են, իբրև թե իրենք լավն են, ամենաճիշտն են, իրենք հեղափոխական են, իրենք, իրենք ու նորից իրենք:
Բարեկամներ, եթե Տարոն Մարգարյանը դեգենեռատ էր, ապա դրանից չի ենթադրում, որ դուք անպայման պետք է լավը լինեք: Ինչպես վարչապետն է ասում, հանգիստ նստեք տեղներդ, հաանգիստ նստեք տեղներդ ու մյուս անգամ չհամարձակվեք քաղաքացիների վրա մունաթ գալ: Եթե իհարկե չեք ուզում թոշակի գնալ»: