Նրանք ոչ թե մահացել են, այլ ննջած են…
Advertisement 1000 x 90

Նրանք ոչ թե մահացել են, այլ ննջած են…

Այսօր մեռելոց է` ննջեցյալների հիշատակության օր, երբ բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և հոգեհանգիստ կատարվում: Ուղղափառ մտածողության համաձայն` ննջեցյալները նույնպես Եկեղեցու անբաժան մասն են, որոնք պարզապես ֆիզիկապես և ժամանակավոր մեզ հետ չեն:

Նրանք ոչ թե մահացել են, այլ ննջած են, քնած` մեկ օր արթնանալու հույսով և հարության հավատով: Հիսուսի հարությամբ այլևս մահն իշխանություն չունի մարդու վրա, քանզի աներկբա հավատում ենք, որ ինչպես Տերը հարություն առավ, այնպես էլ մենք մեկ օր հարություն պիտի առնենք: Առանց այս հարության հավատքի և համոզման, ճշմարիտ քրիստոնեություն չկա:

Չես կարող լինել ուղղադավան քրիստոնյա և չհավատալ մեռելների հարությանը: Ննջեցյալի համար կարևոր են ոչ թե ճոխ թաղումը, ամպագոռգոռ խոսքերն ու թանկարժեք գերեզմանաքարերը, այլ մշտամնա աղոթքը նրա հոգու հանգստյան համար, ինչպես նաև հիշատակի պահպանումն ընտանիքում և շրջապատում: Քանի դեռ մենք հիշում ենք մեր ննջեցյալներին և նրանց համար աղոթում, նրանք կենդանի են մեզ համար: Պետք է այսօր եկեղեցի գնալ, Ս․ Պատարագին մասնակցել, իսկ դրանից հետո գերեզման գնալ։ Չմոռանաք նաև նախապես ձեր ննջեցյալի անունը թղթի վրա գրել և պատարագիչ հոգևորականին հանձնել՝ Ս․ Պատարագի համապատասխան հատվածում հիշելու և հոգեհանգստյան կարգի ժամանակ կարդալու համար։

Զաքարիա Ծ. վարդապետ Բաղումյան