Ինչպե՞ս մտնել քաղաքացու գրպանը՝ չխախտելով քրեական օրենսգիրքը. vesti.am
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս մտնել քաղաքացու գրպանը՝ չխախտելով քրեական օրենսգիրքը. vesti.am

Արդեն մի քանի ամիս է, ինչ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության և որսորդական հասարակական կազմակերպությունների միջև ծածուկ հակամարտություն է ծավալվել: Խոսքը ոչ թե այդ կազմակերպությունների անդամների կողմից բնօգտագործման կանոնների խախտման մասին է, այլ փողի:

Գործակալությունը անհիմն կերպով կազմակերպություններից լրացուցիչ բնօգտագործման վճար է պահանջում, որի դիմաց ինքը ծառայություն չի մատուցել:

Ամեն տարի, որսասեզոնի բացումից առաջ ՀՀ բնապահպանության նախարարը տալիս է համապատասխան հրաման, որում մասնավորապես սահմանվում են նաև թույլատրելի որսատեսակների թույլատրելի քանակները: Որսորդական հասարակական կազմակերպություններն էլ իրենց անդամների համար արտոնագրեր ստանալու նպատակով որոշակի քանակությամբ թռչունների և կենդանիների որսի պայմանագիր են կնքում նախարարության կենսառեսուրսների գործակալության հետ և պետբյուջեին բնօգտագործման վճար են մուծում: 2018-2019 որսաշրջանից առաջ նույնպես նույն ընթացակարգով կազմակերպությունները ներկայացրել են հայտեր, կնքել համապատասխան պայմանագրեր և ստացել որսի սեզոնային կտրոններ: Բայց պարզվել է, որ, ի տարբերություն պայմանագրում առկա չափաքանակների, կտրոններում կաքավի պահանջված 1 որսօրում 5 հատի փոխարեն գործակալության կողմից տպագրված և կնիքով հաստատված կտրոններում առկա է ընդամենը 2 կաքավի թույլտվություն: Որսորդական կազմակերպություններն էլ վերահաշվել և վճարել են ըստ փաստացի առկա չափաքանակների՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության և գործող գների:

Բանն այն է, որ 2016 թվականին ՀՀ հարկային օրենսգրքում կատարվել է փոփոխություն, ըստ որի 2018 թվականին Հայաստանի տարածքում մասնավորապես որսի համար թույլատրված բոլոր կենդանիների գինը, այսինքն բնօգտագործման վճարը, բարձրանալու է 10 տոկոսով: Հաշվի առնելով սեզոնային կտրոններում առկա կենդանիների չափաքանակը, որսորդական կազմակերպությունները Գործակալությանը վճարել են համապատասխան գումար արդեն թանկացված գներով: Գործարքից մոտ երկու ամիս անց Կենսառեսուրսների գործակալությունը կազմակերպություններից պահանջել է կատարել լրավճարում, համաձայն նախապես կնքած պայմանագրի քանակների, որտեղ, հիշեցնեմ, նշված է 5 հատ կաքավ, բայց որի դիմաց քաղաքացիներին տրվել է փաստացի 2 հատ կաքավի թույլտվություն:

Պատճառաբանությունն անհեթեթ է հենց միայն այն պատճառով, որ իբր գները թանկացել են: Բայց գերատեսչությունը համառորեն լռում է իր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մասին և չտրված չափաքանակի համար բառացիորեն գումար է ցանկանում շորթել քաղաքացիներից, որսորդական կազմակերպությունների միջոցով:

Իրականում սա ոչ թե կոռուպցիոն սխեմա է, այլ ուղղակի պետական գերատեսչության անտեղյակությունից բխող զավեշտական սխալ, որի պատճառով պետությանը հսկայական ֆինանսական վնաս է հասցվել: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ բնօգտագործման վճարների թանկացման մասին Գործակալությունն իմացել է միայն որսորդական կազմակերպությունների հաշվետվություններն ընդունելուց հետո, երբ պարզվել է, որ կազմակերպությունները վճարել են ոչ թե իրենց հայտերի նախնական քանակությունների համար էժան գնով, այլ կտրոններում փաստացի առկա չափաքանակների համար՝ թանկ գնով: Միայն դրանից հետո է պարզվել, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն բարձրացված բնօգտագործման վճարները դեռև 2018-ի տարեսկզբից Գործակալության կողմից հաշվարկվել և քաղաքացիներից գանձվել են նախկին էժան գներով: Դա մասնավորապես վերաբերվում է անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին տրվող արդյունագործական ձկնորսության, բույսերի ու պտուղների հավաքման, փայտանյութի, սիրողական ձկնորսության  համար տրվող թույլտվություններին:

Իրավիճակից դուրս գալու նպատակով էլ Գործակալությունը որսորդական կազմակերպություններից լրավճար է պահանջում, հավանաբար իր մյուս ֆինանսական սխալները կոծկելու նպատակով:

Ըստ տեղեկությունների, որսորդական կազմակերպությունները հրաժարվում են կատարել Գործակալության անհիմն պահանջները: Թե ինչով կավարտվի այս ծածուկ վեճը դեռ հայտնի չէ, սակայն Գործակալությունն արդեն մշակում է սիրողական որսի կտրոնների տրամադրման նոր համակարգ, որով Հայաստանում որսն անհամեմատ կթանկանա, այդտեղից բխող իր բոլոր բացասական բնապահպանական, տնտեսական և բարոյական հետևանքներով:

Էդուարդ Սարիբեկյան

vesti.am