ՀՀԿ անդամ, գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը հայտարարությամբ է հանդես եկել: Նա իր խոսքում նշել է. «Ինֆորմացիա ունեմ, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը, որը նվիրատվություն է արվել պետությանը՝ աշխատացնում է Սասուն Միքայելյանի որդին»։
Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Գոլդեն փելիս»-ը գրանցվել է օֆշորային ընկերության վրա, որպեսզի թաքցվի դրա իրական սեփականատիրոջ անունը: Դրանից հետո Ավետիսյանների ընտանիքը որոշեց հյորանոցը նվիրաբերել պետությանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի՝ գործի նախաքննության սկզբնական փուլում տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը՝ հանրությանը այդ կերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են:
Արմեն Ավետիսյանն, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը: ԱԱԾ-ն հատկանշական է համարել այն հանգամանքը, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն: Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը՝ նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելիս» հյուրանոցը:
2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Հետագայում, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ՝ «Գոլդեն փելիս բուտիկ» հյուրանոցը: