«Սա դեռ միայն սկիզբն է, քանի դեռ գործ ունենք այս իշխանության հետ…»
Advertisement 1000 x 90

«Սա դեռ միայն սկիզբն է, քանի դեռ գործ ունենք այս իշխանության հետ…»

«Թե ինչպես լեգալ նիհիլիզմը ստացավ իր ամենաբացասական դրսևորումը սպառնալիք դառնալով մեր պետականության համար.

Եթե նախկինում լեգալ նիհիլիզմը մեզ մոտ դրսևորվում էր իրավական կարգավորումների նկատմամբ վատ վերաբերմունքով (այսինքն մարդիկ ընդունում էին, որ կան իրավական կարգավորումներ, սակայն վատ էին վերաբերվում դրանց, չէին հավատում, որ իրավական կարգավորումները կարող են բխել իրենց շահերից, իրավական պաշտպանության դիմողներին համարում էին գործ տվողներ և այլն) ինչը բնորոշ է գրեթե բոլոր հետխորհրդային պետություններին, ապա այսօր լեգալ նիհիլիզմը դրսևորվում է իր ամենաբացասական ձևով՝ անարխիզմով։ Մեր անարխիստ-լեգալ նիհիլիստները մերժում են, որ հասարակական հարաբերությունները ենթակա են որևէ կարգավորման. օրինակ՝ ինչ սահմանադրություն, եթե կարելի է հավաքվել հրապարակում և ընտրել վարչապետ։ Ինչ դատավարական օրենսգրքեր, եթե կարելի է հավաքվել դատարանի շենքի մոտ և պարտադրել դատավորին ընդունել այն որոշումը, որը ժողովուրդն է ուզում։ Ինչ արդար դատաքննություն, եթե ժողովուրդը արդեն որոշել է, որ անձը մեղավոր է։ Ինչ մարդու իրավունքներ, եթե կարելի է կամուֆլյաժ հագնել ու փռել ասֆալտներին։ Ինչ փաստաբան, եթե կարելի է թքել փաստաբանի ուղղությամբ և չարժանանալ պարսավանքի։ Ինչ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, եթե կարելի է փակել ռազմավարական նշանակության ճանապարհ և պահանջներ առաջադրել և ստանալ հրապարակով պաշտոնի եկած քաղաքապետի, ԱԺ պատգամավորի և ընդհանրապես իշխանությունների հովանավորությունը։ Ինչ ճանապարհային երթևեկության կանոններ, եթե ոստիկաններին կարելի է կուռկուռ դարձնել և հրահանգել «հանգի՜ստ կանգնեք տեղներդ»։ Ինչ քրեական օրենսգիրք, եթե կարելի է սպանել, գողանալ, թալանել ու համաներմամբ ազատ արձակվել կամ հրապարակով վարչապետ դարձածից ներում ստանալ՝ առանց զղջալու։ Ինչ պետություն, եթե կարելի է տեռորիստական ակտ անել և ֆռֆռալ ազատության մեջ։ Այս ամենն առաջացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով և սա դեռ միայն սկիզբն է, քանի դեռ գործ ունենք այս իշխանության հետ…

Հ.գ. Պատկերացնում ե՞ք, թե ինչ ջանքեր են պետք լինելու անարխիզմի հետևանքները վերացնելու, պետական թուլացած ինստիտուտները վերականգնելու, իրավունքի նկատմամբ հարգանք ձևավորելու համար…»



Նման նյութեր