Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հրավիրում եմ բոլոր նորընտիր պատգամավորների և իրավապահ մարմինների «հեղափոխված» ղեկավարության ուշադրությունը: Հենց նոր, երբ ես համակարգիչով հետևում էի նորընտիր ԱԺ-ի առաջին նիստին, բջիջայինով եկավ զանգ ինձ անծանոթ հետևյալ հեռախոսահամարից՝ …: Անծանոթ ձայնով մեկը ներկայացավ որպես Մամիկոնյան անունով քննիչ, և առանց բարև ու բարլուսի պահանջեց, որ ես ներկայանամ:
Ես արձագանքեցի շատ հասկանալի. եթե զանգահարում եք քաղաքացուն, պետք է գոնե նրա անունը իմանաք, իսկ եթե չգիտեք իմ անունը, ապա ես պարտավոր չեմ ձեզ հետ խոսել և, մանավանդ, պատասխանել ձեր հարցերին: Զանգողը հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս իմ խոսակցության տոնը և սկսեց սպառնալ, թե կպատժի ինձ: Հասկանալի է, թե ինչպե՜ս կարող էր այդ սպառնալիքներին արձագանքել մի մարդ, ով սեփական փորձով լավ գիտի, թե սերժսարգսյանական վարչախմբի օրոք ինչ էր իրենից ներկայացնում ոստիկանապետությունը և մինչև վերջերս հույսեր էր փայփայում, որ այդ ժամանակները չեն վերադառնալու երբեք:
Դիմում եմ փաստաբանական կամ իրավապաշտպանական կազմակերպություններին, ինչպես նաև իմ ֆեյսբուքյան ընկերներից նրանց, ովքեր մասնագիտորեն զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով, պարզելու համար, թե 091925577 հեռախոսահամարի տակ ովքեր են թաքնված և ինչ իրավունքով են ահաբեկում, սպառնում քաղաքացիներին: Լավ՝ վարչապետը մեկ անգամ լեզվի սայթաքում թույլ տվեց, բայց միթե՞ դա նշանակում է, որ քննիչից սկսած բոլոր պագոնավորները կարող են մարդկանց աջ ու ձախ սպառնալիքներ տալ, հեռախոսով զանգել ու ահաբեկել: Ես էլ միամտաբար կարծում էի, որ Հայաստանն այլևս ոստիկանապետություն չէ…»: