Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրել է անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մինչ ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչել է ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Սարգսյանը, որը, հետո պարզվել է՝ մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան 1 հասցեի բակում՝ ծեծկռտուքի ժամանակ:
Ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել է 2 պարկուճ:
Արթուր Սարգսյանը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բրուտյանը՝ դանակը, իսկ Սպարտակ Սարգսյանը՝ մուրճը: Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: Քննությունը շարունակվում է: