Գրիպի սեզոնին սեփական իմունիտետն ամրացնելու համար բավական է հետեւել պարզ խորհուրդների:
Հունվարի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը հայտնեց, որ ցուրտ եղանակին իմունիտետը նվազում է, ինչն արդյունքում նպաստում է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների զարգացմանը: Իմունիտետը բարձրացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է չխախտել քնելու եւ արթնանալու ռեժիմը, այսինքն՝ քնին հատկացնել օրական 8 ժամից ոչ պակաս: Ցանկալի է նաեւ ոչ մեծ հանգիստ կատարել հետճաշյա ժամին (գոնե 20-30 րոպեով):
Դրանից բացի, իմունային համակարգի վրա բացասական ազդեցություն է ունենում ոչ առողջ կենսակերպը՝ սխալ սնվելը, ծխելը, ալկոհոլի չափից ավելի օգտագործումը: Այս վնասակար սովորությունների պատճառով թոքերի քրոնիկական հիվանդություններով տառապող անձանց շրջանում ՍՇՎ-ն կարող է ավելի ծանր ընթացք ունենալ:
Իմունիտետի բարձրացմանը կարող են օգնել նաեւ բուժական սեանսները հանրապետական Սպելեոթերապեւտիկ կենտրոնում: Այս յուրատեսակ բուժարանը տեղակայված է ձեռակերտ քարանձավում, գետնի մակերեւույթից 235 մետր խորության վրա:
ՍՇՎ-ից ապահովագրվելու համար Ոսկանյանը խորհուրդ է տալիս մեծ ուշադրություն դարձնել անձնական հիգիենային եւ հատկապես փողոցից որեւէ տեղ մտնելուց հետո ձեռքերը լվանալուն: Այս հասարակ կանոնը կապահովագրի նաեւ ճիճվային հիվանդություններից (օրինակ՝ ասկարիդոզից):
Մասնագետի խոսքով՝ շփումների ժամանակ կարեւոր է նաեւ մեկ մետր հեռավորություն պահելը: Բանն այն է, որ մարդը կարող է ՍՇՎ-ով վարակվել իր զրուցակցի թքի միջոցով, որն արտադրվում է զրուցելիս (ինչպես արտահայտվեց Ոսկանյանը, սա յուրատեսակ «աերոզոլային էֆեկտ» է):
Թոքաբանը խորհուրդ է տալիս սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներով հիվանդներին սենյակը հաճախակի օդափոխել, մեծ քանակությամբ տաք հեղուկներ խմել: «Չի կարելի առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ ընդունել, քանի որ վիրուսային հիվանդությունների դեպքում դրանք հիվանդության ընթացքը կարող են միայն խորացնել»,- շեշտեց Ոսկանյանը: