Վերջերս մարդիկ սկսել են խոսել «ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտման» խնդրի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վերջերս մարդիկ սկսել են խոսել «ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտման» խնդրի մասին

Վերջերս մարդիկ սկսել են խոսել «ԶԼՄ-ների իրական սեփականատերերի բացահայտման» խնդրի մասին։ Ողջունելի է։ Շատ կարևոր խնդիր է։ Հասարակությունը պետք է «ճանաչի» ԶԼՄ-ների իրական սեփականատերերին։

Բայց կա մտավախություն, որ պետության կողմից կարող են ընտրվել «կոշտ» կարգավորման մեթոդներ, որոնց արդյունքում լուրջ վնաս կհասցվի ԶԼՄ-ների ազատությանը։ Երկու բառով նշեմ որոշ խնդիրներ։

Նախ, կան բազմաթիվ «ֆեյք» ֆեյսբուքյան բլոգգեռներ, որոնք ունեն մեծ լսարան (ավելի մեծ, քան որոշ ԶԼՄ-ներ): Արդյո՞ք նման «ֆեյքերին» պետք է համարել ԶԼՄ։ Եթե այո, ապա «ֆեյքերի» իրական «սեփականատերերին» («պատվիրատուներին») ո՞նց ենք պարզելու։ Իսկ եթե «ֆեյքերին» հանգիստ թողնենք, ապա կստեղծվի անհավասար իրավիճակ՝ մի կողմից «ֆեյք» բլոգգեռների, մյուս կողմից՝ «կլասիկ» ԶԼՄ-ների համար։ Արդյո՞ք դա կլինի «արդարացի» լուծում։ Իհարկե ոչ։

Երկրորդ, կան լրատվական կայքեր, որոնք ընդհանրապես չեն տալիս ինֆորմացիա՝ իրենց սեփականատերերի վերաբերյալ (թեկուզ՝ ձևական սեփականատերերի)։ Ի՞նչ անել նման կայքերի հետ։ Արգելափակե՞լ զուտ այն պատճառով, որ սեփականատիրոջ մասին տեղեկությունը բացակայում է։ Սա մի քիչ «բռնապետական» մոտեցում կլինի։

Երրորդ, ի՞նչ անել եթե ԶԼՄ-ի իրական սեփականատերը ԶԼՄ-ն «գրանցել է» իր հարազատի, ընկերոջ, հարևանի (կամ այլ ֆիզիկական անձի) անունով։ «Քրեականացնե՞լ» իրավիճակը նման սխեմայի բոլոր մասնակիցների համար։ Սա կնշանակի, որ պետությունը լուրջ ճնշող գործիք ձեռք բերեց մամուլի նկատմամբ։ Պատժել միայն իրակա՞ն սեփականատիրոջը։ Իսկ ո՞նց ենք նման իրավիճակն ընդհանրապես «բացահայտելու», եթե ԶԼՄ-ի ձևական սեփականատերն ու իրական սեփականատերը երկուսն էլ լավ «պատրաստված» են ու արտաքինից «մաքուր» են աշխատում։

Ցանկացած նոր կարգավորում մտցնելիս պետք է գնահատել, թե ինչ շահ ենք դրանով պաշտպանում և ինչ շահ ենք վնասում։ Արդյո՞ք պաշտպանվող շահն ավելի կարևոր է, քան վնասվող շահը։ Ցանկացած պետական մարմնի ցանկացած նոր լիազորություն տրամադրելիս պետք է նկատի ունենանք, որ այդ լիազորությունը կարող է կիրառվել նաև ոչ օրինական ձևով։

Իմ կարծիքով, իրական սեփականատերերի բացահայտման մեծ ցանկությունը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ դրանից տուժի ԶԼՄ-ների ազատությունը։

Վահագն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: