«Վարչապետը բերեց Գերմանիայի օրինակը. Գերմանիայում կրթության նախարարություն չկա». Սերոբ Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Վարչապետը բերեց Գերմանիայի օրինակը. Գերմանիայում կրթության նախարարություն չկա». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ, շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նախարարությունների միավորման հարցին անդրադառնալու համար։ Հասարակության հետ բաց աշխատելը շատ գնահատելի է։ Բայց, ցավոք, վարչապետին ճիշտ չեն զեկուցում։ Օրինակ՝ վարչապետն ասաց, որ աշխարհի մի շարք երկրներում կրթության և մշակույթի նախարարությունները միասին են։ Որպես օրինակ վարչապետը բերեց Ավստրիայի օրինակը։ Ավստրիայում նախարարությունը կոչվում է կրթության, գիտության և հետազոտությունների նախարարություն։ Վարչապետը բերեց Գերմանիայի օրինակը։ Գերմանիայում կրթության նախարարություն չկա։ Նախարարություններ կան երկրամասերում։

Ֆեդերալ երկիր է և այլ տրամաբանությամբ է կառավարվում։ Որպես օրինակներ բերվեցին Ֆինլանդիան և Նիդերլանդները։ Այո, այս երկրներում կան միասնական նախարարություններ։ Բայց նախարարությունում կա երկու նախարար։ Օրինակ՝ Ֆինլանդիայի նախարարներից մեկը զբաղվում է կրթության հարցերով, մյուսը՝ մշակույթի և սպորտի։ Նույնը Նիդերլանդներում։ Կիպրոսինը կոչվում է կրթության և մշակույթի։ Այսինքն՝ գիտությունը չկա։ Միակ ճիշտ օրինակը Իսլանդիան էր։ Այս երկրում իսկապես կրթությունը, գիտությունը և մշակույթը մեկ նախարարությունում են։ Բայց իմ գլխավոր փաստարկը հետևյալն է. Հայաստանը չի կարելի նույնացնել զարգացած երկրների հետ։ Խնդիրները տարբեր են»։