Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները հունվարի 14-ից 20-ը իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մեքենաների արգելափակման առավել շատ՝ շուրջ մեկ տասնյակ դեպքեր նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել են մարզի Ապարան համայնքի ավտոճանապարհներին: Կանչի վայր հասած հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներն արգելափակումից և ուղևորներին ցույց տվել անհրաժեշտ օգնություն:
Հունվարի 17-ին Ծաղկահովիտի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ճարճակիս գյուղի ավտոճանապարհը փակ է, գյուղում կան վատառողջ երեխաներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել բժշկական կենտրոն: Երեխաներին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարները երեխաներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Նույն օրը փրկարարների օգնությամբ Ծաղկահովիտի ԲԿ-ում բուժում ստացած 13 երեխաների և երկու մեծահասակների հնարավոր է եղել անվտանգ հասցնել իրենց բնակավայր՝ Ճարճակիս:
Կոտայքի մարզում մեքենաների արգելափակման ահազանգեր ստացվել են Հրազդան և Ծաղկաձոր համայնքներում, որոնց արձագանքել են ԱԻՆ մարզային փրկարարական ստորաբաժանումները: Հունվարի 14-ից 20-ը Շիրակի մարզում՝ Աշոցք, Կրասար, Ցողամարգ համայնքների ավտոճանապարհների փակ հատվածներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենա՝ ուղևորներին ցուցաբերելով համապատասխան օգնություն: Ձնակույտերում մեքենաների արգելափակման դեպքեր գրացվել են նաև Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որոնց ցուցաբերվել է համապատասխան արձագանքում:
Հունվարի 17-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանարպարհին՝ ԱԻն հենակետի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Գորիսի հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան: Նույն օրը Ջամշլու գյուղի մոտակայքում արգելափակված «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ձնակույտից դուրս բերելու համար օգնության է մեկնել Արագածոտնի մարզի Ալագյազի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել նշված ավտոմեքենան:
ՀՀ ԱԻ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, ինչպես նաև հիշեցնում՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր.
- Սյունիքի մարզի Գորայք համայնքի տարածքում և Սիսիան-Գորիս միջպետական ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա,
- Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի վրա՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքում,
- Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ հանրապետական ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա: