ՊԵԿ աշխատակիցները ոչ մի անգամ չեն այցելել «Նաիրի Ինշուրանս». ընկերությունը հերքում է
Advertisement 1000 x 90

ՊԵԿ աշխատակիցները ոչ մի անգամ չեն այցելել «Նաիրի Ինշուրանս». ընկերությունը հերքում է

Պետական եկամուտների կոմիտեն այսօր  հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ:

Ըստ ՊԵԿ-ի նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից փոխանցեցին, որ այդ ամենի մասին ընկերությունը տեղեկացել է մամուլից և պաշտոնապես հայտարարեցին, որ  ՊԵԿ աշխատակիցներն որևէ անգամ չեն այցելել  «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն՝ ստուգումներ իրականացնելու նպատակով:

«Անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը: Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց»,- փոխանցում են  «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության մամուլի ծառայությունից:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից հավելում են նաև, որ, միաժամանակ, ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: