«Կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է». քաղաքապետ Հայկ Մարությանը 54 մլն դրամի ծառայություններ է պատվիրել Հ1-ի նախկին գլխավոր պրոդյուսերի ՍՊԸ-ին. factor.am
Advertisement 1000 x 90

«Կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է». քաղաքապետ Հայկ Մարությանը 54 մլն դրամի ծառայություններ է պատվիրել Հ1-ի նախկին գլխավոր պրոդյուսերի ՍՊԸ-ին. factor.am

Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար ծախսել է 120 միլիոն դրամ կամ 246 հազար ԱՄՆ դոլար: Այս գումարի մեջ ներառված չէ 71 մլն դրամ արժողությամբ ձեռք բերված գլխավոր նոր տոնածառը:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանին ուղղված գրավոր հարցման  պատասխանից: Նշված գումարից 30 մլն դրամ վճարվել է միայն Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար: Սա համարժեք է 61 հազար 600 ԱՄՆ դոլարի:

Միջոցառումն իրականացրել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն: Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 21-ին ՍՊԸ-ն ապահովել է երկու մասից բաղկացած միջոցառում: Առաջին հատվածում եղել է 20 րոպե տևողությամբ երաժշտական ներկայացում, իսկ երկրորդ հատվածը ներառել  1 ժամ տևողությամբ համերգային ծրագիր:

30 մլն դրամանոց պայմանագիրը քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին: 2018 թվականի դեկտեմբերի 20-ին էլ մեկ այլ պայմանագիր է կնքվել քաղաքապետարանի և «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև, որի արժեքը կազմել է 24 մլն դրամ կամ 49 հազար 300 ԱՄՆ դոլար:

Այս պայմանագրով էլ ՍՊԸ-ն տոնական միջոցառումներ է ապահովել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը: Գումարի շրջանակներում իրականացվել է 2,5 ժամ տևողությամբ համերգ և 1,5 րոպե տևողությամբ հրավառություն: Նույն պայմանագրի շրջանակներում հունվարի 6-ին մոտ 3 ժամ տևողությամբ տոնական համերգ է կազմակերպվել:

Ուշագրավն այն է, որ Երևանի քաղաքապետարանը 54 մլն դրամի ծառայություններից է օգտվել, բայց մրցույթ չի հայտարարել, ինչպես պահանջում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը: Փոխարենը՝ քաղաքապետարանը գնումն իրականացրել է ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի հ. 1458-Ա որոշման համապատասխան`մեկ անձից գնման իրականացման ձևով:

Այստեղ հարկ է նշել, որ գնումների մասին օրենսդրության համաձայն՝ գնման նախընտրելի ձև է հանդիսանում բաց մրցույթը, և միայն արտառոց դեպքերում է, երբ կարող է տրամաբանական դիտվել  այս ընթացակարգից շեղումը։

Մինչդեռ տվյալ դեպքում  ոչ միայն չի եղել  նախընտրելի՝ բաց մրցույթի ընթացակարգից շեղվելու անհրաժեշտություն, այլև եղել է կանխատեսելի կարիք, ինչի դեպքում  մեկ անձից գնումն առավել խնդրահարույց է դառնում։ Ի դեպ, «Ֆակտորի Փրոդաքշնի» սեփականատերերից մեկը՝ Ռուդիկ Տեր-Գալստյանը, «Հանրային» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսերն է եղել:

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել, որ 54 մլն դրամի ծառայությունների համար մասնագիտությամբ դերասան քաղաքապետն ընտրել է իր ոլորտի ներկայացուցչի ՍՊԸ-ն: 2014 թվականին, դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով  պետական բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին և այն հանգամանքին, որ նրանց մերձավորները պետական այս կամ այն կառույցին ինչ-որ ծառայություններ են մատուցում, ասել էր. «Գիտեք՝ կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է,  ո՛չ, կոռուպցիան հենց սա է»:

Շարունակելով ներկայացնել ամանորյա միջոցառումների ծախսերը՝ նշենք, որ տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Ավան վարչական շրջանում կազմակերպվել է ամանորյա երկու միջոցառում՝ 6 մլն և 5,5 մլն դրամի շրջանակներում:

Ծառայություններն իրականացրել են «Լամեքս» ՍՊԸ-ն և «Սլայդ Արտ» ՍՊԸ-ն: 5 մլն 658 հազար դրամի շրջանակներում «Բրուս» ՍՊԸ-ն միջոցառում է կազմակերպել Աջափնյակ վարչական շրջանում: 8 մլն դրամի շրջանակներում «Արմքոմփվիններ» ՍՊԸ-ն միջոցառում է կազմակերպել Նոր Նորք վարչական շրջանում:

5 մլն 310 հազար դրամի շրջանակներում «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն և 1 մլն 940 հազար դրամի շրջանակներում «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն միջոցառում են կազմակերպել Արաբկիր վարչական շրջանում: «Ալեքսանդր Մհերյան» ԱՁ-ն նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջոցառումների կազմակերպիչն է՝ 920 հազար դրամով: «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն 9 մլն 988 հազար դրամի շրջանակներում միջոցառում է կազմակերպել նաև Էրեբունի վարչական շրջանում: «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ն մոտ 10 մլն դրամի միջոցառումներ է կազմակերպել նաև Շենգավիթ վարչական շրջանում: «Էլիտա Էս Վե» ՍՊԸ-ին է բաժին հասել նաև Նուբարաշեն վարչական շրջանը:

Այս վարչական շրջանի միջոցառումների համար էլ ՍՊԸ-ին վճարվել է 2 մլն 269 հազար դրամ: Նորք-Մարաշ վարչական շրջանում 2 մլն 200 հազար դրամով ամանորյա միջոցառումներ է կազմակերպել «Հաղթանակ 2000» ՍՊԸ-ն: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ամանորյա միջոցառման համար «ՄԱԴԷԼ» ՍՊԸ-ին վճարվել է 1 մլն 458 հազար դրամ:

Իսկ ահա Կենտրոն վարչական շրջանում ամանորյա միջոցառումները կազմակերպել է  «Սիթիթայմ» ՍՊԸ-ն՝ 5 մլն դրամով։

Հայկ Վարդանյան

factor.am