Արարատ Միրզոյանի չփաստարկված հայտարարությունը. ոստիկանությունը հակադարձում է. lurer.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանի չփաստարկված հայտարարությունը. ոստիկանությունը հակադարձում է. lurer.com

ՀՀ-ում որդեգրման գործընթացի ոլորտում գործ ունենք մաֆիայի հետ: Կառավարության՝ 2019թ. հունվարի 10-ի նիստում նման հայտարարություն արեց այժմ ԱԺ նախագահ, իսկ այն ժամանակ՝ դեռ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ «որոշ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաների, այնուհետև նրանց զրկում  երիկամից»։

Միրզոյանի այս հայտարարությունը, սակայն, հերքեցին թե′ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, և թե՛ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Միայն ունեցել ենք երեխայի առքուվաճառք»,-ասել է գլխավոր դատախազը։

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել էր նաև Երեխաների իրավունքների պաշտպանության բարեգործական հիմնադրամի նախագահ Կարինե Անտոնյանի հետ, ով նշել էր, որ թե՛  երեխաների, և թե՛ նրանց օրգանների առուծախի բիզնեսը դեռևս կա և որևէ կերպ չի վերահսկվում:

ՀՀ ոստիկանությունը վերջին 10 տարիների ընթացքում երեխաների օրգանների առքուվաճառքի և, առհասարակ, նրանց թրաֆիքինգի դեպքերի թվի մասին  ԼՈՒՐԵՐ.com-ի՝ 2019թ. հունվարի 11-ին ուղարկված հարցմանն այսօր ոստիկանությունից պատասխանեցին, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում օրգաններ և հյուսվածքներ վերցնելու ձևով երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման դեպք չի արձանագրվել, այդպիսով՝ ակնհայտորեն հերքելով նախկին փոխվարչապետ, իսկ այժմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը:

Ոստիկանությունից նաև նշեցին. «Միաժամանակ հայտնում ենք, որ նույն ժամանակահատվածում երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների հատկանիշներով հարուցվել է 17 քրեական գործ»։ 

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

lurer.com