Աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Advertisement 1000 x 90

Աղջիկների վեճն ավարտվել է դանակահարությամբ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 4:55-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մասիս քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակչուհի:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցի վերջնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երևան քաղաքի 20-ամյա բնակչուհին դանակով հարվածել է հասակակից աղջկան՝ վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնաս:

21.01.2019 թվականին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող սև գույնի ծալովի դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: