armtimes.com-ի տեղեկություններով, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը նույնպես հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե եւ բացատրություն տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում:
Նույն այդ տեղեկություններով, նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն է տվել նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը:
Ավելի վաղ, տեղեկացրել էինք, որ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն է տվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքները ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար:
Ամբողջությամբ՝ armtimes.com