Ապահովագրական ոլորտի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումներն ու աշխատանքները համակարգային են և ամենևին թիրախավորված բնույթ չեն կրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս հայտնի դարձած՝ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության դեմ հարուցված քրեական գործին:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության վերաբերյալ քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափելը: Նախ նշեմ, որ ապահովագրական ոլորտի վերաբերյալ առհասարակ ՊԵԿ մոտեցումն ու աշխատանքները համակարգային են և ամենևին թիրախավորված բնույթ չեն կրում, ինչով և պայմանավորված է մի շարք ապահովագրական ընկերությունների նկատմամբ արդեն իսկ հարուցված և քննվող քրեական գործերով: Նախաքննության շահից ելնելով՝ ես հիմա անուններ չեմ հնչեցնի, սակայն վստահեցնում եմ, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության վերաբերյալ քրգործն ու սկսված գործընթացն ամենևին էլ թիրախավորված չեն և քաղաքական ենթատեքստ չունեն»,- ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասներ հայտնելով քրեական գործի վերաբերյալ՝ ՊԵԿ քննչական վարչության պետը նշեց, որ ընկերության կողմից գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող 2016-2017 թվականների շահութահարկի հաշվարկներում ներառվել են ընկերության կողմից ծախսային բազայում արտացոլված տվյալներ, որոնք փաստացի ընկերության ստացած եկամուտների հետ կապված չեն, այսինքն, ընկերության կողմից դրանք փաստացի չեն կատարվել: «Ավելի կոնկրետ դրանք վերաբերում են միջնորդներին, ապահովագրական գործակալներին, ովքեր փաստացի միջնորդային գործունեություն չեն մատուցել: Վնասի վերջնական չափը դեռ հստակեցված չէ, ըստ նախնական հաշվարկի՝ այն կազմում է շուրջ 200 մլն դրամ: Պատճառված վնասի հստակ չափն ամբողջովին պարզ կլինի հետագա գործողությունների ընթացքում»,- նշեց նա՝ հրաժարվելով գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել:
Հովհաննիսյանը հայտնեց, որ ՔՕ 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար օրենքով նախատեսված է խրախուսիչ նորմ՝ ՔՕ 189 հոդվածի 5-րդ կետը. այն է՝ հանցանք կատարած անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից, եթե վերականգնում է պետությանը պատճառած վնասը:
«Եթե ընկերության կողմից ընդունվի նշված հանգամանքը և վերականգնվի վնասը, ապա քրեական գործի հետագա ընթացքը կդադարեցվի, հետևաբար գործը կկարճվի»,- հայտարարեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով գործի վերաբերյալ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության արած հրապարակմանը՝ նա նշեց, որ ՊԵԿ կողմից քրեական գործի մասին տեղյակ պահելը նպատակ է հետապնդում թույլատրելիի սահմաններում ապահովել հասարակության պատշաճ իրազեկվածությունը: «Նպատակ չունենք արատավորել ընկերության բարի համբավն ու հեղինակությունը»,- ասաց նա: