«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հայտնում է ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ քրեական գործի վերաբացման մասին: Ըստ ICIJ-ի հրապարակման՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ անց ՀՀ նոր կառավարությունը հետաքննություն է սկսել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի անվան հետ կապված՝ Պանամայի օֆշորային սկանդալի գործով:
ICIJ-ն նշում է, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քննում է Միհրան Պողոսյանի՝ օֆշորային երեք ընկերության հետ կապը, ինչպես նաև ստուգում է փողերի հնարավոր լվացման դեպքերը:
2016 թվականին «Հետք» լրատվամիջոցը՝ իր «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):
Հրապարակումից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ին Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից:
2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում է կայացրել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններում Պողոսյանը կրկին պատգամավոր ընտրվեց և շարունակեց օրենսդիր գործունեությունը ՀՀԿ խմբակցության կազմում: