Գերնսիի ոստիկանությունը Twitter-ի միկրոբլոգի միջոցով պաշտոնական հայտարարություն է տարածել:
Հայտարարությունում նշվում է, որ նրանց այդպես էլ չի հաջողվել գտնել անհետացած ինքնաթիռը, որում գտնվում էր «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալան:
Հայտարարությունում մեջբերվում է նաև որոնողական աշխատանքները ղեկավարող Դևիդ Բարքերի խոսքերը:
«Չնայած ակտիվ որոնողական աշխատանքներին, մենք այդպես էլ չկարողացանք գտնել ինքնաթիռի, ուղևորի կամ օդաչուի հետքերը:
Վերլուծեցինք ամբողջ տեղեկությունը, որը հասանելի էր մեզ, և դժվար որոշում կայացրինք: Մենք դադարեցնում ենք որոնողական աշխատանքները: Ներկա պահին ողջ մնալու հնարավորություններն անհավանական քիչ են: Իմ մտքերն օդաչուի և ուղևորի ընտանիքի հետ են»,- ասվում է հայտարարությունում:
Հունվարի 21-ին Նանտից Քարդիֆ ճանապարհին անհետացել էր արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռը: Ինքնաթիռն անհետացել է երկուշաբթի երեկոյան, ժամը 20:00-ի միջակայում:
Այսօր՝ հունվարի 24-ին, ակտիվ ջանքերով որոնողական աշխատանքների վերջին փորձն է եղել: