Հրապարակվել են «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի նոր մանրամասներ
Advertisement 1000 x 90

Հրապարակվել են «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի նոր մանրամասներ

Ֆրանսիական Orange Cinema Series հեռուստացանցն իր շնորհանդեսի ժամանակ պատմել է «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի սերիաների ժամանակաչափի մասին:

Ինչպես նշվում է Premiere հանդեսի Twitter-օգտահաշվում, եթերաշրջանի առաջին երկու սերիաներն ընթանալու են մեկական ժամ: Մնացած չորսի տևողությունը կկազմի 80 րոպե: Բացառված չէ, որ, ի վերջո, էպիզոդների տևողությունը կարող է փոխվել, քանի որ սերիալի ստեղծողները դեռևս աշխատում են եզրափակիչ եթերաշրջանի վրա: Սերիաների ժամանակաչափի վերաբերյալ տվյալների պաշտոնական հավաստում կամ հերքում ամերիկյան HBO հեռուստաալիքից դեռևս չի ստացվել:

Ինչպես նշում է Entertainment Weekly հանդեսը, 80-րոպեանոց սերիաներ թողարկելու համար նախագծի պրոդյուսերները պետք է հեռուստաալիքին դիմեն հատուկ թույլտվություն ստանալու համար, քանի որ այդչափ երկարատև Էպիզոդներն ազդում են հեռարձակման սխեմայի վրա: Հրատարակության լրագրողը նաև նշել է, որ եզրափակիչ սերիաները հազիվ թե տևեն ուղիղ 80 րոպե:

Ավելի վաղ HBO հեռուստացանցը հրապարակել էր «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի առաջին կադրերը:
Սերիալի եզրափակիչ եթերաշրջանն Էկրան կբարձրանա 2019 թվականի ապրիլին:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վպաշարի և սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: