Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել մեկնել երկրից հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձի գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ:
Այս մասին նշեցին Հատուկ քննչական ծառայությունից:
ՀՔԾ-ից հայտնեցին, որ յուրաքանչյուրի կողմից մուծվել է 15 մլն դրամ:
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: