ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը, 2010 թվականից հանդիսանալով հիմնադրամի գործադիր տնօրեն, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար:
Նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը՝ օրինականացրել է այն՝ փոխկապակցված տարբեր ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշվեհամարներին մաս-մաս փոխանցելու, կանխիկացնելու, ինչպես նաև՝ տարատեսակ գործարքներ իրականացնելու միջոցով:
Այսպես՝ գործադիր տնօրենը 2013թ. ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված 325.600.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226.464.209 ՀՀ դրամ գումարը, մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ, հաշվից հաշիվ փոխանցելու, քողարկելու և մասնատելու եղանակով օրինականացրել է: Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն ժամանակահատվածում հիշյալ գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներին:
Այնուհետև, 15.05.2013 թվականից մինչև 29.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում մոր հաշվեհամարից 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող բանկերից մեկի հաշվեհամարներին, որից հետո 14.05.2013 թվականից մինչև 30.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում գործող հաշվեհամարներից 490.583 ԱՄՆ դոլար փոխանցել է կնոջ՝ Մ. Ղ.-ի հաշվեհամարին, ապա կնոջ հաշվեհամարից 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է իր՝ հայաստանյան հաշվեհամարին և կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով օգտագործել է իր անձնական կարիքների համար:
2019թ. հունվարի 24-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: